երկու մարդ է զոհվել Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով
Առնվազն երկու մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք արդեն մի քանի օր է՝ մոլեգնում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում: Այդ մասին դեկտեմբերի 8-ին հայտնել է CNN հեռուստաալիքը:
 
Նշվում Է, որ նախօրյակին հրշեջները գրանցել են բռնկման երկու նոր օջախ: Դա նշանակում Է, որ այժմ հրդեհները մոլեգնում են Կալիֆոռնիայի հարավային մասի վեց առանձին շրջաններում: Երկու զոհերի մարմինները հայտնաբերվել են Սան-Դիեգո քաղաքից մոտավորապես 70 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, որտեղ գրանցվել Է նոր բռնկում:
 
Կրակի ճիրաններում հայտնված տարածքի ընդհանուր մակերեսն արդեն կազմել է ավելի քան 57 հազար հեկտար: Հրդեհների հետեւանքով այրվել է առնվազն 500 տուն: Տարհանվել են 190 հազարից ոչ պակաս բնակիչներ: Ամենաընդգրկուն հրդեհը, որն ստացել է «Թոմաս» անվանումը, ավելի քան 46 հազար հեկտար տարածք է ընդգրկել Վենտուրայի օկրուգում:
 
Նահանգի հրշեջ ծառայությունն օկրուգի բնակիչներին նախազգուշացրել է «կրակի արագ տարածման մեծ հավանականության» մասին, որը կպահպանվի առնվազն մինչեւ դեկտեմբերի 9-ը:
 
Դեկտեմբերի 7-ին Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Սանտա Բարբարայի օկրուգում: Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել Լոս Անջելեսի եւ Վենտուրայի օկրուգներում: CNN-ի տվյալներով՝ կրակի մարման գործողությանը մասնակցում են շուրջ 5,7 հազար հրշեջներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ազգային գվարդիայի անդամներ:
 
Նշվում է, որ հրդեհների դեմ պայքարն զգալիորեն դժվարանում է տարածաշրջանում մոլեգնող ուժեղ քամու, ինչպես նաեւ չոր բուսականության պատճառով: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կրակի տարածումը հանգեցրել է նաեւ էլեկտրամատակարարման խափանումների: Նահանգի հարավում առանց էլեկտրականության է մնում ավելի քան 260 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: