Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին եւ բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթեւեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների եւ ազատությունների իրացմանը: Այս մասին ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
 
«Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ:
Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթեւեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը:
Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ:
Ապօրինի հավաքի ճանապարհների երթեւեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց:
Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտնագող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին եւ ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը», – ասված է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման էին ենրարկվել ավելի քան 100 ցուցարար: