#ԻմՔայլը նախաձեռնության քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները շարունակվում են: Նիկոլ Փաշինյանն այսօր երթն սկսել է  Նոր Նորքի 7-րդ զանգվածից: Երթը մեկնարկել է լարված մթնոլորտում: Ոստիկանությունն այլևս թույլ չի տալիս քայլել փակված ճանապարհով: Ոստիկանությունը Փաշինյանին ինչ-որ պահանջներ ներկայացրեց:
 
«Մենք ստիպված կլինենք բոլորին կարգի հրավիրել: Ձեզ  որպես կազմակերպիչ կխնդրեմ  հեռանալ այս վայրից, քանի որ չեք կարողանում վերահսկել այդ ամենը: Լիազոր մարմինը Ձեզ սահմանել է երթուղի, բարի եղեք շարժվել այդ երթուղով»,-ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
 
Փաշինյաննն էլ հիշեցրեց, որ «Հավաքների մասին» օրենքով քաղաքացիները կարող են առանց իրազեկման իրականացնել մինչև 1-հոգանոց երթեր:
 
Ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, ասել են նաև, որ եթե իրավիճակը սրվի կարող են բերման ենթարկեն նաև Փաշինյանին:
 
«Եթե ինձ տանեն, բերման ենթարկեն,  ես Երևանի և ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գալ և փակել բոլոր ճանապարհները, շրջափակել ոստիկանական բոլոր բաժինները, պետական կառավարման բոլոր շենքերը, դուրս գան զանգվածային ցույցերի և գան ինձ ազատեն»,-ասաց Փաշինյանը:
 
Վալերի Օսիպյանն առաջարկեց այնպես անել, որպեսզի չսահմանափակվի քաղաքացիների ազատ տեղաշրժման իրավունքը: Փաշինյանն էլ ժամանակ խնդրեց քննարկելու դա: