Երկու օր է մերձիշխանական աղբյուրներից լուրեր ենք ստանում, որ իշխանությունը որոշել է մինչեւ ապրիլի 24-ը ցրել հավաքները եւ երկրում հաստատել իր երազած վիճակը՝ երբ իշխանավորները վայելում են իրենց լծակները, իսկ ժողովուրդը մի կերպ իր գլուխն է պահում եւ չի խանգարում իրենց։ Երեկ արդեն որոշ հատվածներում քաղաքացիական հագուստով խուլիգաններ՝ տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների հարազատներից ու թիկնապահներից կազմված փորձում էին ծեծով, սադրանքներով վնասել բողոքի ակցիաներին։ Երեկոյան լուր ստացանք, որ իշխանությունը մտմտում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին։
 
Սակայն թերեւս վախեցել են ավելի կոշտ ընդվզումիվ եւ ձեռնպահ են մնացել նման քայլից։ Բայց առավոտյան որոշել են գործի դնել իրենց ունեցած ողջ «զինանոցը»։ Մեկը մյուսի ետեւից հայտարարություններ են տարածում իրավապահները։ Գլխավոր դերում, իհարկե, ոստիկանապետ Վովա Գասպարյանն է, ում արգելել են երեւալ ցուցարարների շրջանում եւ իր էքսցենտրիկ պահվածքով ավելի չգրգռել նրանց։ Սակայն նրա «գրասենյակը» ակտիվ աշխատում է՝ իր շեֆի կերպարին համահունչ էմոցիոնալ ու սպառնալից տոնով հայտարարություններ տարածելով։ Իսկ այսօր արդեն՝ «Ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ: Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը»:
 
Ապա ոստիկանությանը միացավ երիտասարդ դատախազը, ով խնդիր ունի ապացուցելու իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին։ Դատախազությունը հայտարարեց, որ ավտոմեքենաների մասնակցությամբ ակցիաներն անօրինական են եւ հարուցվել են քրեական գործեր։ Տերմիններից, որոնք օգտագործված են դատախազության տեքստում, մի կողմից ծիծաղ, մյուս կողմից սովետական միլիցիայի ոճ է փչում․ «նախնական համաձայնությամբ խուլիգանական մղումներով՝ խեղաթյուրված ձևով դրսևորելով իրենց ինքնահաստատման պահանջմունքը՝ արհամարհելով վարքագծի համընդհանուր կանոնները», «տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ»։ Մահակի ու բլիթի քաղաքականություն իրականացնող իշխանությունը այս սպառնալիք-զգուշացումներից հետո կոչ հղեց ցուցարարներին՝ բանակցություններ սկսելու առաջարկով հանդես եկավ Սերժ Սարգսյանը։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում