Ավարտվել է Քաջարանում դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի:
 
2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Պարզվել է,որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է վիճաբանության ժամանակ:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Քաջարանի բնակիչ՝ ծնված 1990թ.:
 
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ համաքաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն այնուհետև շարունակվել է Քաջարան քաղաքի Աբովյան և Բակունց փողոցները միացնող տրանսպորտային կամրջի սկզբնամասում։ 27-ամյա երիտասարդը, նկատելով 36-ամյա տղամարդուն և վերջինիս եղբորը, նախահարձակ է եղել և իր մոտ գտնվող դանակով հարվածել վերջիններիս մարմնի տարբեր մասերին՝ 36-ամյա տղամարդու առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս, իսկ նրա եղբորը՝ թեթև ծանրության:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Դեկտեմբերի 8-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: