ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
 
Նա  նշել է, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան ՀՀ նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու եւ փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պետրոսյանը:
 
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնում, որ բանակցությունները չշարունակվեցին, որոնք կարող էին հանգեցնել իրավիճակի լարվածության թուլացման:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին. «Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ»:
 
 
Մանրամասները՝ 
սկզբնաղբյուրում