«Առավոտ»-ը գրում է․ Ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին ուժայինները բերման էին ենթարկել՝ չնայած պատգամավորական անձեռնմխելիություն ունեին: Դեռ պարզ չէ, թե նրանց ինչ կարգավիճակում են բռնել: Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց եւ «լիքը մարդու ապօրինաբար եւ բռնի ուժով բռնել են»:
 
Այս պահին հավաքի կազմակերպիչները, առաջնորդողները մեկուսացված են, քանի որ մինչ այդ էլ բերման էին ենթարկել Դավիթ Սանասարյանին:
 
Ազատության մեջ է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս պահին որեւէ տեղեկություն չունեն Փաշինյանի եւ «Ելքի» մյուս պատգամավորների կարգավիճակից, չգիտեն անգամ, թե որտեղ են նրանց տարել:
 
Հարցին՝ հնարավո՞ր է հավաքը դուք առաջնորդեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եկեք հասկանանք մոտակա 3 ժամվա մեջ ինչ է լինում, նոր պարզ կլինի: Նրա խոսքով՝ «Ցուցարարները շատ լավ հասկանում են ինչ անեն, պարոն Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում: Ցուցարարները շատ լավ հասկանում են, որ որեւիցե բան մարտավարության մեջ չի փոխվել: Մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ իրենց կամարտահայտությունը ցուցաբերեն: Առաջնորդողը միշտ եղել է ու կմնա ժողովուրդը: Հիմա ի մի ենք բերում ինչ է կատարվում»:
 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում