Երևանի Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող բազմամարդ ցույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին մերժելը խորը կասկածներ են առաջ բերել՝ ով եւ ինչու է հակասում Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքներին:
 
Ինչպես տեսանք, Փոստանջյանը ցանկանում էր հարթակից ելույթ ունենալ, սակայն հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվեցին հարթակ տրամադրել նրան:Նրանք բարձրախոսը մի կերպ խլեցին Փոստանջյանի ձեռքից, ով եկել էր ու իր բազմահազար հայրենակիցներին ասելիք ուներ: Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում էր հայտնվել Զարուհի Փոստանջյանը, ում առաքելությունը տարիներ շարունակ իշխանությունների դեմ պայքարն է եղել, ում պայքարը հանուն Հայաստանի հանրապետության արժանապատիվ քաղաքացինեի իրավունքների ու շահերի համար է եղել:
 
Կին, որը մեղմ իր անկոտրում կամքի, երբեմն միանշանակ չընկալելի գործունեության շնորհիվ դժոխքի է վերածել իշխանությունների կյանքը, կամ նվազագույնն անհարմարություն ստեղծել իշխանությունների համար, քաղաքական գործիչ, որին պետության ու ժողովրդի շահը մղել է ցանկացած քայլի ու գործողության՝ դուրս բերելով ստանդարտ իրավիճակներից: Նրա պարագայում հարթակի մերժողականությունը չէր կարող բազմաթիվ քաղաքացիների համակրանքին արժանանալ,եւ այս իրավիճակն է, որ փորձեց փրկել Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Ես ելույթ եմ ունենում, որովհետև տգեղ միջադեպ տեղի ունեցավ:
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թույլ չտվեցին Զարուհի Փոստանջյանին ելույթ ունենալ, որովհետև վերապահմամբ են մոտենում նրա խոսքին: Շարժումը սկսվելուց առաջ Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Մի արեք նման բան, այստեղ ծախվածներ չկան»,- հայտարարեց Հակոբյանը:
Անհասկանալի էր , թե ում էր ուղղված <<մի արեք>> կոչը՝ արդյոք Զարուհի Փոստանջյանին, թե ցուցարարներին , մասնավորապես, ՔՊ անդամներին, որոնք , փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հաշված ժամեր հետո դեմ են գործում վերջինիս սկզբունքներին ու հրապարակում ատելության, մերժման մթնոլորտի ծլեր նետում, բարիկադներ գցում պայքարի դուրս եկած ժողովրդի միջեւ: Մինչդեռ դեռեւս ապրիլի 13-ին, երբ Հայաստանի մարզերում տասը օր շարունակ քայլել-անցնելով Երեւան վերադարձած Փաշինյանը Ազատության հրապարակի հարթակից կոչ արեց ընդդիմադիր դաշտին միավորվել հրապարակում եւ ներել իրար, միավորվել եւ մոռանալ նախկինում ունեցած տարաձայնությունները, փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները: Միավորվել, քանի որ դա է պահանջում երկրի, պետության շահը: Եւ ի վերջո, խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հանուն ընդհանուր գաղափարի, հանուն համատեղ նպատակի միացավ մի մարդու՝ Էդմոն Մարուքյանին, որին դրանից շաբաթներ առաջ համարում էր իշխանության պրոյեկտ: