Մենք` գերմանաբնակ հայերս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ընթացող ներքաղաքական զարգացումներում հայրենի բնակչության քաջարի մեծամասնության դիրքորոշումը ու շնորհավորում բոլորին ձեռք բերված նախնական հաջողությունների համար: Մենք հայտնում ենք մեր եղբայրական զորակցությունը ժողովրդական մեր շարժմանը, որին ներդրել ենք և այսուհետև ևս ներդնելու ենք մեր բոլոր կարողություններն ու հնարավորությունները ու թիկունք ենք լինելու հայրենի բնակչությանը:
 
Միաժամանակ գտնում ենք, որ հաջողությունների պահպանման ու զարգացման, ինչպես նաև ներկա շարժման միջազգային վարկի բարձրացման համար, կարևորագույն երաշխիք է Սասնա ծռերի և բոլոր մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատումը: Ներկայումս ձեռք բերված նախնական հաջողությունների համար քաղբանտարկյալնների տարիների կատարած ներդրումն ու վաստակը անչափելի մեծ է: Նրանք պետք է վայրկյան առաջ դուրս գան բանտերից ու իրենց նվիրվածության, հեղինակության, ներուժի ու փորձի ներդրմամբ անմիջապես ներգրավվեն նոր պետականաշինության գործին:
 
Նրանք կարող են նաև Սփյուռքի առողջ ու քննադատ ուժերի հետ հայրենի երկրի այսօրվա նորարարության պայքարին ազնվորեն լծված ուժերի հետ երկխոսության ու սերտ համագործակցության վստահելի ու կենդանի կամուրջներ դառնալ: Թավշյա հեղափոխության ղեկավարներին հորդորում ենք առանց վայրկյանի կորստի հայտարարել ու ձեռնամուխ լինել քաղբանտարկյալների ազատության գործի կազմակերպմանը:
 
Հարգանքներով` Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն Նախագահ` Ազատ Օրդուխանյան