Հայաստանում տեղի ունեցած թավշյա, անարյուն հեղափոխությունը ինչ-որ տեսանկյունից նաև օգտակար էր պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի համար, քանի որ հնարավորություն ընձեռեց պարզորոշ տեսնել՝ ինչպիսի կուսակցություն է կառուցել և ինչպես այդ կուսակցությունը արձագանքեց իր՝ պաշտոնը լքելու, իշխանությունը փաստացի լքելու և ՀՀԿ-ին անտեր թողնելու քայլերին: Արձագանքները միանշանակ չէին, ինչը էլ ավելի ակնհայտ դարձրեց միասնականության, կուռ և գաղափարական թիմ լինելու վերաբերյալ տարիներ ի վեր ՀՀԿ-ի շուրջ պտտվող միֆը: Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, շատ և շատ նրա հավատարիմ «զինվորներ» շտապեցին լքել ՀՀԿ կոչվող խորտակվող նավը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության պայքարի սկզբում իշխանությունն ու դրա կերակրատաշտից օգտվող բոլոր քաղաքական գործիչներն ընդդիմությանը կոչ էին անում սթափ դատել եւ ետ կանգնել այդ պայքարից: Մինչդեռ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, մի քանի օրվա ընթացքում, բազմաթիվ «քաղաքական գործիչների» գիտակցության մեջ եւս թավշյա հեղափոխություն է եղել, եւ հիմա նրանք հավատարմության երդումներ են տալիս առ ընդդիմության առաջնորդ: Ժողովուրդն այս իրավիճակը նկարագրում է մեկ բառով՝ առնետավազք: 
 
Մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը օրերս հայտարարություն տարածեց. «Ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով` կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսեւորում եւ կտրուկ գործողություն»: Մինչդեռ օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռեւս չէր հայտարարել հրաժարականի մասին, լուր տարածվեց, որ նույն Միհրան Պողոսյանի թիկնազորը Զեյթունում խաղաղ ցույցի ժամանակ ջարդուփշուր էր արել ճանապարհը փակած քաղաքացու մեքենան: Ինչպես երեւում է` բանանասեր Միհրան Պողոսյանը շտապել է այժմ կտրուկ փոխել մոտեցումը, որպեսզի հետագայում, երբ Փաշինյանն իշխանության գա, իր բիզնեսին վտանգ չսպառնա:  Հանրապետական կուսակցության անդամ, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ևս ռևերանսներ է արել նոր կառավարության ուղղությամբ, քաջ գիտակցելով, որ նոր կառավարության կազմում իր հարազատ կուսակցության հայտնվելու շանսերը զրոյական են: Պարզվում է ՝ Ալթունյանն այնքան էլ ծանր չի տարել Սարգսյանի հեռանալը, և դեռ ևս երկուսուկես-երեք տարի իրեն տեսնում է կառավարությունում: ՀՀԿ-ի «հին գելերից»՝ Գագիկ Մինասյանը, ով առաջիններից էր, որ թմբկահարում էր Սարգսյանի անփոխարինելիության մասին, ամսի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց, թե երբեք էլ նման բան չի ասել: Ինչպես ասում են՝ անգամ աքաղաղը երեկ անգամ կանչել չհասցրեց: Տարոն Մարգարյանի համար ավագանու կին անդամի «դեմն առնող» Գոռ Վարդանյանը Սարգսյանի հրաժարականից հետո չէր էլ փորձում թաքցնել իր ուրախությունը և փողոցում հրճվում էր թավշյա հեղափոխականների հետ:
Իհարկե, եղան նաև հանրապետականներ, ովքեր անկախ ամեն ինչից, չուրացան պաշտոնաթող Սարգսյանին, ինչի համար, թերևս, անկեղծորեն հարգանքի են արժանի՝ անկախ իրենց քաղաքական վաստակից: Սարգսյանին չդավաճանեց, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, ում հայտարարությունները Սարգսյանի մասով, նախորդներից որևէ կերպ չեն տարբերվում:
 
Ով էլ լինի վարչապետի՝ ժողովրդի թեկնածուն, ինչպիսի կադրային քաղաքականություն էլ որդեգրի հետագայում, անգամ հանրապետականին արմատախիլ չանելու պարագայում՝ նա պետք է հաշվի առնի իշխող կուսակցության որոշ գործիչների պահվածքը թավշյա հեղափոխությունից առաջ և հետո: Եվ սա՝ մի պարզ պատճառով. մեկ անգամ հարազատ կուսակցությանը դավաճանած անձն այդ քայլը կարող է անել երկրորդ, երրորդ եւ տասներորդ անգամ: Նման մարդիկ մի քանի երեսանի են եւ ինչպես քամելեոնը` խնդիր չեն տեսնում ցանկացած պահի իրենց «գույնը» փոխելու հարցում: