
Իհարկե, ՀՅԴ-ն չի հայտարարել շարժմանը միանալու մասին, բայց ներկայումս մի վիճակ է, որ եթե հեռանում ես ՀՀԿ-ից, ինքնաբերաբար մոտենում ես փողոցին ու հրապարակին, նպաստում կամ ծառայում դրան: Մյուս կողմից՝ ստատուս քվոյի կամ բալանսի այս ուշագրավ փոփոխությունը, ստեղծելով նոր իրավիճակ նաև փողոցում, առաջացնում է նաև նոր հարցեր, որոնցից շատերը՝ գուցե հռետորական: Այդուհանդերձ, նոր իրողությունները ուրվագծում են սցենարային նոր տարբերակներ, որոնցով կարող են ընթանալ զարգացումները: Փողոցում լիդերը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը, նրանն է փողոցի իշխանությունը, արդեն հայտնի է, որ նա է վարչապետի «ժողովրդի թեկնածուն», նաև հայտնի է, որ «Ելք» դաշինքը նրան արդեն իսկ առաջադրել է վարչապետի թեկնածու: Գրեթե անկասկած է, որ Հանրապետական կուսակցության խմբակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին, քանի որ տվյալ պարագայում չկա պետության վիճակը կայունացնելու, հանդարտեցնելու, ճգնաժամը հաղթահարելու և առաջ գնալու այլ տարբերակ: Ըստ այդմ՝ ներկայումս, քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն կամ այդպիսի դիրքորոշմամբ ՀՀԿ-ականները քվեարկում են ողջախոհության և պետականության օգտին, շատերը գուցե առաջին անգամ իրենց կյանքում: Մյուս կողմից, սակայն, դեռևս պարզ չէ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը, մինչդեռ այստեղ խոսքը 31 մանդատի մասին է: Այստեղ ահա առկա է բավականին հետաքրքիր մի իրավիճակ: «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է փողոցին միանալու մասին, ԲՀԿ պատգամավորները մասնակցել են քայլերթերին, եղել են հրապարակում: Զուտ քաղաքական պահի տեսանկյունից սա հասկանալի է, կուսակցությունը թեկուզ վերջին պահին, բայց ձգտում է օգտագործել հնարավորությունը և չընկնել սլացող գնացքից դուրս: Միևնույն ժամանակ, դրա շնորհիվ առավել բազմամարդ են դառնում փողոցային ակցիաները: Այստեղ ԲՀԿ խաղաքարտը դառնում է առանցքային, որովհետև ունենալով երեք տասնյակից ավելի մանդատ՝ «Ծառուկյան» դաշինքը Նիկոլ Փաշինյանի համար լուրջ աջակից է դառնում նաև խորհրդարանում: Եթե դրան հավանական մասով ավելանում է նաև ՀՅԴ 7 մանդատը, ապա Փաշինյանի թեկնածության համար մնում է ընդամենը մեկ տասնյակից էլ պակաս մանդատի անհրաժեշտություն ՀՀԿ-ից: Ներկայիս դասավորության և իրավիճակի պարագայում կարող են գտնվել այդպիսի ՀՀԿ-ականներ, քանի որ կուսակցությունը ներկայումս հայտնվել է մի վիճակում, երբ Սերժ Սարգսյանի գնալուց հետո ներքին հակասություններն ու շահերի բախումը կարող են դուրս գալ ջրի երես: Սարգսյանն էր դրանք զսպողը: Բայց Սարգսյանը գոնե առայժմ կուսակցության նախագահն է, և նախօրեին նա հայտարարել է, որ խորհրդակցության է հրավիրում ՀՀԿ խմբակցությանն իր մոտ, կուսակցության ապագային, բարեփոխումներին և այլ թեմաներին առնչվող քննարկման համար: Այստեղ կասկած չկա, որ հիմնական հարցը լինելու է վարչապետի քվեարկությունը և ֆորմալ մեծամասնության դիրքորոշումը: Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության հետ որոշի, որ ՀՀԿ-ն պետք է ընդունի նաև փողոցի այդ պահանջը, և Նիկոլը այս առումով էլ ճիշտ էր, ինչպես հրաժարականի տեքստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը, ապա իրավիճակը փոխվում է հետաքրքիր ձևով, ու Ծառուկյանը կամ «Բարգավաճ Հայաստանը» կորցնում է առանցքային դերը, առնվազն խորհրդարանում: Իսկ կորցնելով դերը խորհրդարանում՝ դաշինքը կարող է կորցնել նաև փողոցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ տեսանկյունից Ծառուկյանից ավելի անկախ լինելով խորհրդարանում, բնականաբար, նրա հետ առնչությունում ավելի անկաշկանդ և ամուր կլինի փողոցում: Իսկ փողոցում, հրապարակում այդ մրցակցությունը կա և լինելու է անխուսափելի, օբյեկտիվորեն, որքան էլ ներկայումս երկու ուժերին միավորում է միևնույն նպատակը: Նրանք բոլոր դեպքերում արդեն իսկ աչքի առաջ ունեն թերևս արտահերթ ընտրության հեռանկարը և ըստ այդմ՝ մրցակցության խնդիրը: Այդ մրցակցությունը առերևույթ դեռևս, բայց սկսելու է արդեն իսկ փողոցից: Ըստ այդմ՝ ՀՀԿ որոշումը այդ իմաստով ունենալու է մեծ նշանակություն, թե հատկապես ինչ տարբերակով կուսակցությունը կընդունի «ժողովրդի թեկնածուին» աջակցելու մասին որոշում՝ այսպես ասած ազա՞տ քվեարկությամբ, թե՞ քաղաքական և մինչև անգամ իմպերատիվ որոշումով: Այդպիսի որոշման դեպքում ՀՀԿ-ն, փաստորեն, ոչ միայն Կարեն Կարապետյանին է զրկում Սերժ Սարգսյանի իշխանությունը ժառանգելու հնարավորությունից, այլ նաև երևի թե «Ծառուկյան» դաշինքին կամ համենայնդեպս զգալիորեն նվազեցնում շանսը, որը մի շարք պատճառներով, այդուհանդերձ, բավական բարձր էր, և նոր իրավիճակում թերևս միայն Ծառուկյանն է, որ այսպես ասած՝ մրցակցային սուբյեկտ է Նիկոլ Փաշինյանի համար: