Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին:
 
Զրուցակիցները նաև առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման խնդիրներին: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին անվերապահ աջակցության համար: Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Լեռնային ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը:
 
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և նշել վերջինիս կարևոր դերակատարությունը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում:
 
Հանրապետության նախագահը վերահաստատել է 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը: