ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ այսօր ԲՀԿ առաջնորդը հանդես է գալու հայտարարությամբ: 
 
-Տիկին Տոնոյան, երեկ հայտարարել էիք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես է գալու հայտարարությամբ: Արդյոք դուք տեղյակ եք ինչ բովանդակություն է ունենալու այդ հայտարարությունը:
Նաև կխնդրեի անդրադառնալ Վահե Էնֆիաջյանի երեկ արված այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել վարչապետի լավ թեկնածու:
-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես անձամբ տեղյակ չեմ, թե այսօր ինչ հայտարարությամբ է հանդես գալու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց առավել քան վստահ եմ, որ այդ հայտարարությունը լինելու է շատ սպասված և տեղեկատվական վաակումում առկա բազմաթիվ հարցեր իրենց պատասխանն են գտնելու:
Իսկ ինչ վերաբերում է Վահե Էնֆիաջյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վարչապետի լավ թեկնածու լինել, ապա առավել քան վստահ եմ, որ իմ գործընկերոջ այդ տեսակետը կիսում են ինչպես մեր քաղաքական թիմի բոլոր անդամները, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հարյուր հազարավոր հայրենակիցները:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժն է և շատ բնական է, որ մենք դիտարկում ենք վարչապետի սեփական թեկնածու ունենալու հանգամանքը:
Տարիներ շարունակ հենց մեր քաղաքական թիմն է` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ առաջարկել մեր երկրի տնտեսությունը վերակենդանացնելուն միտված բազմաթիվ ծրագրեր, նախանշել երկրի զարգացման տեսլական, ինչպես նաև այն կյանքի կոչելու հստակ մեխանիզմներ, ցույց տվել ճանապարհներ:
Հիշեք նախընտրական շրջանում մեր առաջարկած 15 ծրագրային կետերը, որոնց իրականացման դեպքում ամենասեղմ ժամկետներում մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ էին տեսնելու:
Այս բոլոր ծրագրերի իրականացման գործնական մեխանիզմներին տիրապետում է Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է: