Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան էջն եմ նայում՝ ի՞նչ է գրում մարգարեն քաղաքական վերջին զարգացումների մասին, հետաքրքիր է։ Մարդ, ով մինչև ուղն ու ծուծը նվիրված է եղել Սերժ Սարգսյանին։
 
Մարտի 28-ից հետո նրա էջում ոչ մի թարմացում չկա։ Մարտի 28-ին մի լուսանկար է տեղադրել, գրառելով՝ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի հետ։ Մարտի 21-ին Սերժ Սարգսյանի հետ մի լուսանկար՝ առանց մակագրության։ Կուզեի մակագրել իրեն հատուկ ոճով՝ « Տխուր լինել դեռ չի նշանակում տխրել»։ 
 
Պարզ է, Մարտի 28-ից հետո Գալուստ Սահակյանը տրամադրություն չի ունեցել՝ գրառում չի արել, լուսանկար չի տեղադրել։
 
Կհավատա՞ք, եթե ասեմ՝ մի տեսակ տխրեցի, որ մարդը կորցրել է իր խաղաղությունը։ Քիչ էր մնում մի գրառում անեի՝ չտխրեք․․․ Գուցե դա սենտիմենտալություն է, բայց ես հեռու չեմ մարդկային թուլություններից։ Հավատարմությունը միշտ բարձր եմ գնահատել՝ բոլոր ասպեկտներով և կտրականապես չեմ ընդունում, երբ զինակիցդ քեզ խփում է թիկունքից, տարբեր անուններ տալով՝ գաղափարական փոփոխություն, կառուցողական քաղաքականություն, երբ մի ճամբարից անմիջապես մյուս ճամբարն է վազում՝ կերի հոտն այլ տեղից զգալով։
 
Ինչևէ, գրում էի տխուր Գալուստի մասին։ Խոստովանենք, ժողովրդի ուրախությունն է եղել։ Նրա ասած մի արտահայտությունը թևավոր է դարձել ու բերնեբերան անցել։ Երբևէ չի չարացել, որ «իր վրայով» կատակներ ենք արել, հաճախ այն հասցնելով սարկազմի։
 
Իմ հումորների մեծ մասի հերոսն է եղել։ Հանդուրժողական, չչարացող ու «հոգու մեջ մի մեծական բարիություն ունեցող»։ Հիմա էլ ֆեյսբուքում հանդիպում եմ՝ Գալուստը մեր ուրախությունն է, նրան հանգիստ թողեք։ Նույն բանն ասում են նաև իմ հումորների մյուս հերոսի՝ գեներալ Սարոյանի մասին։
 
Գլխավոր պատճառը նրանց հանդուրժողականությունը ու թաքնված, բայց երևացող բարությունն է եղել։ Գրել ենք նրանց մասին, կատակել ենք ու հակադարձ պատասխան չենք ստացել։ Ավելին, այդ հումորը նրանց հանրության կողմից ընդունելի է դարձրել։ Ուրեմն իմ մեջ էլ չարություն չի եղել։
 
Գալուստ Սահակյանի վերջին գրառումը Մարտի 8-ի առթիվ՝ կանանց, աղջիկներին շնորհավորելն է եղել, ու ես ուզում եմ, իր բառերով այն արտահայտել․
 
«Սիրելի կանայք, հատկապես աղջիկներ, շնորհավորում եմ ձեր մարտի ութը, որովհետև մարտի ութն է»։
 
ՀԳ Ասելիքիս բուն նպատակը՝ միմյանց հանդուրժենք։ Հատկապես այս օրերին։ Հայհոյանքների տարափի տակ, շատերն են բողոքում, չեն կարողանում ասել այն, ինչ մտածում են։ Ստիպված լռում են։
 
Կարծում եմ մենք դա՛ չէինք ուզում։ Ծայրահեղությունից զերծ մնանք։ Չչարանանք, որովհետև չարությունը լավ գործի ավարտ է տանում և երբեք չասենք՝ բա որ իրենք անում էին․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան