-Տիկին Տոնոյան, երեկ հայտարարել էիք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես է գալու հայտարարությամբ: Արդյոք դուք տեղյա՞կ եք՝ ինչ բովանդակություն է ունենալու այդ հայտարարությունը: Նաև կխնդրեի անդրադառնալ Վահե Էնֆիաջյանի երեկ արված այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել վարչապետի լավ թեկնածու:
 
-Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես անձամբ տեղյակ չեմ, թե այսօր ինչ հայտարարությամբ է հանդես գալու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց առավել քան վստահ եմ, որ այդ հայտարարությունը լինելու է շատ սպասված և տեղեկատվական վակուումում առկա բազմաթիվ հարցեր իրենց պատասխանն են գտնելու: Իսկ ինչ վերաբերում է Վահե Էնֆիաջյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վարչապետի լավ թեկնածու լինել, ապա առավել քան վստահ եմ, որ իմ գործընկերոջ այդ տեսակետը կիսում են ինչպես մեր քաղաքական թիմի բոլոր անդամները, այնպես էլ Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հարյուր հազարավոր հայրենակիցները:
 
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժն է, և շատ բնական է, որ մենք դիտարկում ենք վարչապետի սեփական թեկնածու ունենալու հանգամանքը: Տարիներ շարունակ հենց մեր քաղաքական թիմն է` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ առաջարկել մեր երկրի տնտեսությունը վերակենդանացնելուն միտված բազմաթիվ ծրագրեր, նախանշել երկրի զարգացման տեսլական, ինչպես նաև այն կյանքի կոչելու հստակ մեխանիզմներ, ցույց տվել ճանապարհներ: Հիշեք նախընտրական շրջանում մեր առաջարկած 15 ծրագրային կետերը, որոնց իրականացման դեպքում ամենասեղմ ժամկետներում մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ էին տեսնելու: Այս բոլոր ծրագրերի իրականացման գործնական մեխանիզմներին տիրապետում է Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է: