Aravot.am-ի տեղեկություններով երեկ ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների եւ ՀՀ Աժ մի խումբ պատգամավորների միջեւ տհաճ խոսակցություն է եղել: ՌԴ պատվիրակության անդամ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընդդեմ ՀՀԿ-ի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել: Ռիժկովին հակադարձել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Երբ ռուս պատգամավորները Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը համարել են «Մայդան» եւ նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է եւ ասել՝ սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա հայկական համաժողովրդական շարժում է:
 
Նաիրա Զոհրաբյանի այս խոսքերին ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էլ բոլորի ներկայությամբ Զոհրաբյանին է դիմել, թե՝ «Ի՞նչ գիտես»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս են եկել քննարկման սենյակից, եւ ՌԴ պատգամավորների հետ քննարկումը վերածվել է «հակամարտության»:
 
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ՌԴ պատգամավորների հետ այդ հանդիպման մասին ասաց. «Ռիժկովը վիրավորական արտահայտություններ է արել, իսկ ես կոշտ պատասխանել եմ, ինչ պետք է՝ ասել եմ: Ես վիճել եմ Ռիժկովի հետ: Արտաշես Գեղամյանին նկատողություն արեցի, թե ինչո՞ւ չես արձագանքում: Հետո Բաբուխանյանը սկսեց հետս վիճել: Մի հինգ հոգու հետ վիճել եմ: Ռիժկովին ես եմ ընդհատել, երբ վիրավորում էր, ձայնս բարձրացրել եմ, մեծ վիճաբանություն եղավ: Ընդհատվեց խոսակցությունը: Իրենք մեծ պատվիրակությամբ են եկել՝ հինգը Պետդումայից, հինգը՝ Դաշնային ժողովից: Բոլորն եկել էին ակնարկելու Հայաստանում այսպիսի բաներ չպիտի լինեն: Երբ Ռիժկովն ասաց, թե Փաշինյանի մասին արտահայտած այդ խոսքն իր կարծիքն է, ասացի՝ դա կարծիք չէ, այլ՝ վիրավորանք: Վիճեցինք, պատասխանեցի՝ ինչ պետք էր, ասացի, հետո փափկեցին»: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանն ու Հայկ Բաբուխանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
 
 
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: