Բոլոր գյուղատնտեսական եւ սպառողական ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները պետք է առանց բացառության բոլորը զրոյացվեն։ Այս մասին, երեկ՝ ապրիլի 28-ին, Վանաձորից Երեւան վերադառնալու ճանապարհին, Ապարանում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ «Արագաչափերի չվճարված բոլոր տուգանքները պետք է զրոյացվեն: Արագաչափերի հարցը պետք է լուծվի, այդ տուգանքների գումարները պետք է նվազեցվեն։ Մենք պետք է նայենք, քանի որ դա երթևեկության կանոնները կամ անվտանգությունը ապահովելու միջոց չէ, այլ ժողովրդին թալանելու միջոց է»,-հայտարարեց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ այլեւս չի լինելու ժողովրդին թալանող իշխանություն, այլ լինելու է ժողովրդին հարստացնող իշխանություն. «Չի լինելու արտագաղթը խթանող իշխանություն, լինելու է ներգաղթը խթանող իշխանություն։ Հայաստանում չի լինելու քաղաքացուն վախեցնող իշխանություն, այլ լինելու է քաղաքացուն երջանկության եւ ազատության հնարավորություն տվող իշխանություն»։ Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»: