Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FՍ 299 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ բախվել շինության պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զառ գյուղի բնակիչ, 29-ամյա Կարեն Հախվերդյանը տեղում մահացել է , իսկ նրա համագյուղացի, 36-ամյա Սևակ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արման Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: