Ժողովրդական այս հզոր շարժումը ինձ համար, որպես շարքային քաղաքացի, անակնկալ չէր ու, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ մեկի համար անակնկալ չէր։ Անակնկալ չէր, որովհետև շատ երկար ժամանակ է ծովը ալեկոծվում ու բնության օրենքով, ափերից պետք է դուրս գար․․․
 
․․․ Ու դուրս եկավ։ Հիմա ինձ անհանգստացնում է միայն ժողովուրդը, որովհետև այդ էներգետիկան շատ անգամ եմ տեսել, որը նպատակակետին չի ուղղվել։ Անհանգստացնում է այն առումով, որ հստակ ուրվագծված չեմ տեսնում, թե ուր ենք գնում։
 
ԲՀԿ-ն հայտարարեց, թե խորհրդարանում մի մարդու նման իր ձայները տալիս է ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին։ ՀՅԴ-ն՝ նույնպես։ Քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է, առանց նրա ձայների Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալ չի կարող։ Այսինքն ՀՀԿ-ից էլ ձայներ պիտի անցնեն Նիկոլին , եթե ոչ ամբողջովին, գոնե անհրաժեշտ թիվը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա։
 
Նման պարագայում ՀՀԿ- ի քայլը կլինի այն, որ միասնական կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։ Սա շախմատային պարզ քայլ է։
 
Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ։ Բայց նրան ձայն տված ուժերը «հո նիսյա չեն տվել իրենց ձայնը»։ Կառավարման համակարգում իրենց տեղերը ճշտած կլինեն՝ այսքան պորտֆել․․․
 
Ստացվում է, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն իրենց տեղերը կունենան։ Եթե հենց այնպես «նվեր են տալիս», կառավարման ասպարեզից դուրս մնալով, թող բարձրաձայնեն։ Էն գլխից իմանանաք։ ՀՀԿ-ի ձայները ավելի թանկ արժեն, շա՜տ թանկ։ Որոշիչ դեր կխաղան։
 
Իսկ դա՞ ինչ գին ունի։ Թե՞ ՀՀԿ-ն էլ է «նվեր տալու»։ ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնութուն է, վարչապետը ի՞նչ շարժ կարող է անել։
 
Հիմա բոլորս միասին գոռում ենք, թե ժողովուրդը հաղթել է ու թավշյա ձևով ճնշում է բոլոր կուսակցություններին, որ իր թեկնածուն անցնի։ Թող անցնի, բայց դրանից ի՞նչ ժողովրդին, չեմ հասկանում, երբ իշխանության մեջ լինելու են նույն ուժերը․․․
 
ՀԳ ՀՀԿ-ն միասնական իր ձայները կտա Նիկոլ Փաշինյանին․ սա նրանց համար կլինի ամենաճիշտ քայլը։
 
Դա կոչվում է կապիտուլյացիա՞, թե՞ ժամանակավոր նահանջ։ Ես դրա մեջ վերջնական հաղթանակի հասնելու ոչ մի բան չեմ տեսնում։ Գուցե դուք ուղղեք ինձ, որ ճիշտ չեմ հասկանում։ Կամ մեղադրեք, որ ձեր նման «տաքացած չեմ դատում», որովհետև գաղտնիք չի՝ կարծիք, տեսակետ հայտնողին ինչ որ ուժեր լռեցնում են։ Լսում են միայն շուրթերով "կեղծ խոստովանողներին"։
 
 
Հասմիկ Բաբաջանյան