Վերջերս քննարկման առիթ դարձավ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական վկայական (դիպլոմ) չունենալու հանգամանքը։
 
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ հեռացվել էր Մայր բուհից՝ բացակայությունների պատճառով։ Նա սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
 
Օրերս էլ նույն ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք էին նախաձեռնել՝ ստիպելով ԵՊՀ ղեկավարությանը Փաշինյանին հանձնել իր դիպլոմը։
 
Այս ամենին Նիկոլ Փաշինյանը արձագանքնել է՝ ներկայացնելով լուսանկարներ։
 
«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։ 1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռետրորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։
 
Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։ Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար»,-նշել է ընդդիմադիր գործիչը։