Հիմա իրավիճակ է փոխվել, որովհետև ես պատրաստվում եմ որպես վարչապետի թեկնածու հանդիպել խմբակցությունների հետ, այդ թվում նաև ՀՀԿ-ի, և աշխատանքային ռեժիմով քննարկումներ կլինեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հետ բանակցությունների ձևաչափին:
 
Ինչ վերաբերում է Կառավարության կազմին և հարցին՝ արդյոք կադրային փոփոխություններ լինելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, իմ պատկերացումներն ունեմ, բայց այս պահին որևէ բան չեմ ասի, որպեսզի հանգիստ, աշխատանքային պայմաններում, առանց կաշկանդվածության բոլոր հարցերը քննարկենք»:
 
Փաշինյանը, խոսելով ԱԺ մեծամասնության՝ ՀՀԿ-ի քվեարկության մասին, հույս հայտնեց, որ բոլոր խմբակցությունները միասնական դիրքորոշում կունենան միասնական թեկնածուի շուրջ:
 
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն կարող է անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում չհաստատել Կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք դեմ չենք, պարզապես հիմա քաղաքական դաշտում նաև ընդդիմադիր գործընկերների կողմից հնչում են տեսակետներ, որ, եթե մենք խոսում ենք ազատ, արդար ընտրությունների մասին, ուրեմն պետք է ապահովենք հավասար պայմաններ բոլորի համար: Եթե մենք զգում ենք, որ այսօր ընտրությունների պատրաստ ենք, գուցե այլ քաղաքական ուժեր պատրաստ չեն զգում: Այս՝ ժամկետների հարցում կոմպրոմիս ու համաձայնություն հնարավոր է, բայց դրանք պետք է լինեն տրամաբանական»:
 
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ռեյտինգային համակարգը կփոխվի՞, ասաց, որ իր կարծիքով՝ մինչև ազատ, արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, սակայն շեշտեց, թե այդ փոփոխությունները հապճեպ անել չի կարելի:
 
Հարցին՝ ՍԴ նախագահի փոփոխություն լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նման հարցերի չեմ կարող անդրադառնալ՝ դա մեր օրակարգի հարց չէ և չգիտեմ՝  կլինի՞ մեր օրակարգի հարց, թե՝ ոչ»:
 
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Մարտի 1-ի բացահայտման մասին:  Նա, պատասխանելով հարցին՝ժողովրդի իշխանությունը երաշխավորու՞մ է, որ բացահայտվելու է Մարտի 1-ը, ասաց.« Ժողովրդի իշխանությունը երաշխավորում է, որ այդ ուղղությամբ ամեն ինչ կարվի, որպեսզի  բացահայտվի: Ես նախաքննության մարմին չեմ և նախաքննության տվյալների չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ կբացահայտվի»:
 
Ինչ վերաբերում է հարցին՝ կասկածներ կա՞ն, որ գործին առնչվող առանցքային դեմքերը կարող են լքել երկիրը՝ փախուստի դիմելով, նա պատասխանեց, թե ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ՀՀ լքելու մասին չմտածել, որովհետև ՀՀ-ում մեր ընդհանուր հայրենիքն է, ավելին՝ գնացածները պիտի վերադառնան:
 
Դիտարկմանը, որ չեն լինելու հետապնդումներ և վենդետա, սա ի՞նչ է նշանակում Փաշինյանը պատասխանեց.«Մենք խոսում են օրինականության մասին, իսկ վենդետան ու արդարադատություն բառերն անհամատեղելի են: Մենք  ասել ենք, որ չի լինելու վենդետա, չեն լինելու քաղբանտարկյալներ, անձնական վրեժխնդրության  դրսևորումներ, բայց սա չի նշանակում, որ մենք չենք խոսելու այն խնդրին մասին, որ ունենք: Կարծում եմ՝ կլոր սեղանների շուրջ պետք է քննարկեն մեթոդաբանություն, թե ինչպես լուծենք այդ խնդիրը: Որևէ հարցում անկանոն ու կտրուկ գործողություններ չեն լինելու, որովհետև մեր խնդիրն ազգային համերաշխությունն ապահովելն է, բայց բոլոր հարցերը քննարկվելու են»: