Ես հայտարարել եմ, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց չենք ասում, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան. մենք բոլոր այդ խնդիրները ԵՏՄ անդամ երկրների հետ կքննարկենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
 
«Երբ որ դու ընդդիմություն ես եւ հնարավորություն չունես խնդիրները քննարկել համապատասխան կառույցի գործադիր մակարդակում, ընդդիմության պարագայում տարբերակներից մեկն է պրոբլեմները բարձրաձայնել եւ համապատասխան արձագանք ստանալ: Երբ որ հանդես ես գալիս իշխանության դիրքերից, հնարավորություն ունես բոլոր պրոբլեմները քննարկել գործընկերներ երկների հետ եւ համբերատար, գործընկերության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել»,-հայտարարեց Փաշինյանը:
 
Հարցին, թե այլեւս հրաժարվում է նախկին նախաձեռնությունից, Փաշինյանն ընդգծեց. «Ես հայտարարել եմ, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց չենք ասում, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան. մենք բոլոր այդ խնդիրները ԵՏՄ անդամ երկրների հետ կքննարկենք: Այս դեպքում խոսքը «Ելք» խմբակցության մասին չէ, այլ Հայաստանի հնարավոր պոտենցիալ նոր կառավարության դիրքորոշման մասին է»: