Այս շարժումը ցույց տվեց, որ Հայաստանում ծնվեց նոր սերունդ, իսկ ամենակարևորը դա է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
 
Նրա խոսքով՝ ոչ կատարյալ անկախության, ոչ շատ ժողվրդավարության պայմաններում, բայց միևնույն է, ծնվեց մի սերունդ, որը փորձում է ապրել ինքնուրույն, 21-րդ դարին համապատասխան որոշումներ ընդունել, չսպասել, որ որևէ մեկն իրեն կդարձնի երջանիկ, ինքն է կառուցում իր երջանկությունը:
«Այն բազմաթիվ երիտասարդները, որոնք սկսեցին այդ շարժումը, նրանք թշվառ խավից չէին, մարդիկ են, ովքեր արդեն ինչ-որ բան հասկանում են, կարողանում են անել և բացարձակապես չեն ընդունում այս համակարգը: Եվ հենց դա է պատճառը, որ շարժումն ստացավ այսքան մեծ թափ և չսահմանափակվեց ինչ-որ անձի փոփոխությամբ:
Չնայած լոզունգներն սկզբում վերաբերվում էին Սերժ Սարգսյանին, բայց եթե ինքը շարժումն ուղղված չլիներ համակարգի դեմ, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում պարզապես կհանգչեր:
Բայց մարդիկ, առավել ևս երիտասարդները, շատ լավ հասկացան, որ սա անձի դեմ կռիվ չէ, սա համակարգի դեմ է»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի՝ իրականում մեզ սպասվում է շատ երկար ճանապարհ, որովհետև համակարգ փոխելը բարդ ու երկար աշխատանք է պահանջում: Պետք է հասկանալ, որ համակարգը մեկ օրում ու վարչապետի փոփոխության միջոցով չի լուծվում: Նրա խոսքով՝ նախ պետք է այդ համակարգը փոխենք յուրաքանչյուրս մեր մեջ:
Ռուբեն Բաբայանը կարևոր է համարում այն, որ շարժման գիտակցությունը ծագեց հասարակության մեջ, ոչ թե վերևից պարտադրվեց:
«Վերևից պարտադրվածը, եթե հասարակությունը հասունացած չէ, շատ հեշտ է լինում փոխել, տանել հետ: Իսկ երբ հասարակությունն է նման պահանջ դնում, միշտ գտնվում է այդ պահանջներին բավարարող առաջնորդը: Եվ սա հասունացել էր մեր հասարակության մոտ», նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղեն այս իրավիճակից քաղաքական կուսակցությունները, Ռուբեն Բաբայանն ասում է, որ պատմությունը պետք է լավ իմանան: Բոլոր այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, թե եկել են տասնյակ տարիներով մնալու իշխանության, շատ դառը ճակատագիր են ունեցել:
«Իրականում մենիշխանության մեջ դու կործանվում ես՝ որպես կուսակցություն: Կյանքը բալանս է պահանջում, երեխա ծնվելու համար տղամարդ ու կին է պետք: Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակական կյանքը զարգանա, և հզոր ընդդիմություն, և իշխանություն է պետք:
Ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության իրավունքի մեջ է, այլ նաև փոքրամասնության իրավունքի: Եթե չկա փոքրամասնության իրավունքը, որը կարող է զսպել մեծամասնության ճնշումները, նա միշտ կարող է արդարանալ՝ մենք մեծամասնություն ենք, ինչ ուզում, անում ենք»,- նշեց նա:
Ռուբեն Բաբայանը նաև հավելեց, որ ամեն ինչ գնում է ճիշտ հանգուցալուծման, բայց լավ կլիներ, եթե սա մեր պատմության մեջ լիներ վերջին դեպքը, երբ ունենում ենք մեկ թեկնածու, որովհտեև զարգացումը ընտրության միջոցով է լինում:
Նա անդրադարձավ նաև այս օրերին քաղաքական գործիչների ու կուսակցությունների պահվածքին: “Այս ամբողջ պատմության մեջ բոլորն իրենց շատ կարգին պահեցին, մեկը մի քիչ ուշացումով, մյուսն՝ առանց հապաղելու:
Բոլորը մեկ գիտակցում ունեին, որ խոսքը պետության մասին է, բացի մեկ անձից՝ Կարեն Կարապետյանից: Նա պարազապես ապացուցեց, որ ինքը ոչ այս հողի հետ կապ ունի, ոչ այս ժողովրդի, ոչ էլ այս մշակույթի:
Այդքան չհասկանալ քո հողը, ժողովրդին... Միգուցե սա նաև մեզ բոլորիս համար դաս լինի: Բոլորն իրենց կարգին պահեցին, տղա ուզեց բերել միայն սա, որովհետև այս հողի հետ կապ չունի”,- նշեց Բաբայանը: