ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:-ին նախատեսված է հանրահավաք անցկացնել:
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին հայտարարել էր անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին:
 
«Մենք չենք կարող գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել՝ իմանալով, որ տարբեր վայրերում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում, իսկ մենք սենյակում տարբեր քննարկումների ենք մասնակցում: Դրա համար խնդրում եմ դադարեցնել ակցիաները, որպեսզի մենք կարողանանք մեր թիմով Ազգային ժողովում՝ մեր գրասենյակում, քաղաքական աշխատանքը ավարտին հասցնել՝ մեր դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»,- հայտարարել էր Փաշինյանը:
 
 
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտվանից հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և հանրահավաքի ժամանակ հայտարարելու է հաջորդ օրվա իրենց անելիքների մասին: 
 
«Ամեն դեպքում, մյուս օրը՝ ժամը ութից, բոլոր մարզերից հավաքում ենք Հանրապետության հրապարակում: Մենք այդ օրը ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք՝ կախված կլինի այդ առավոտը ստեղծված քաղաքական իրավիճակից»,- ասել էր նա: