ԹՈՒՆԵԼԻ ՀԱԿՈԲԸ ՆՈՐ ԹԵՄԱՅԻ ՄԵՋ Է ․․․
Պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ։ Մարդը տնից դուրս է գալիս և ընկնում հեղեղի տակ։ Բանական մարդու առաջին ռեակցիան մի փակ տարածք մտնելը կլինի կամ գոնե անձրևանոցով պատսպարվելը։ Ասենք թե նա դա չի անում ու շարունակում է ճանապարհը։ Երկինքը մթնում է, կարկտաբեր ամպեր են երևում, հետո՝ կարկուտ, միևնույն է, մարդը բաց գլխով՝ «կարկուտը գլուխը ծեծելով» շարունակում է ճանապարհը․․․
 
Նկարագրածս հերոսը Հակոբ Հակոբյանն է։ Հանրության զայրույթի հեղեղի տակ, փոխանակ մի պահ կանգ առնի, մտածի՝ ինչ է ասում, ասածի վրա ինչու են մարդիկ զայրացել, նույն հանդարտ ոգով շարունակում է ճանապարհը՝ մարտահրավեր նետելով բնության տարերքին։
 
Աղքատների գլխին իր բարոյախրատական քարոզը կարդալուց հետո երեկ Ազգային ժողովում անցել է հաշմանդամներին։
 
Հաշմանդամության մասին փուլային տարբերակ է ընտրել․
 
Առաջին փուլ․- Հաշմանդամության մասին ամենալավ օրենքի կիրառումը դա հաշմանդամ չունենալն է։
 
Տողատակերը թողնենք մի կողմ, բուն իմաստով հասկանանք՝ եթե հաշմանդամ չունես, էլի ու՞մ վրա ես կիրառում հաշմանդամության մասին օրենքը։
 
Երկրորդ փուլ․- Երբ մարդիկ առողջության կամ որևէ պատճառով դրդված ձգտում են դառնալ, դիմում են հաշմանդամ դառնալու, ո՞րն է լինելու համակարգի խնդիրը ՝ ամեն ինչ անել բոլոր ճանապարհներով մարդկանց հաշմանդամություն չտալու: Ոչ թե չտալու նրա համար, որ նրանք հաշմանդամ չեն, չէ, այլ ապահովել ամեն ինչ, որ նրանք կարողանան հետ կանգնել հաշմանդամության ձգտելու ճանապարհից:
 
Մարդիկ ոչ թե ձգտում են հաշմանդամ դառնալու, այլ «պատերը ճանկռոտում են», որ գոյատևեն․․․ Հաշմանդամության ձգտելու ճանապարհից մարդիկ կհրաժարվեն, եթե օրինական ճանապարհով կարողանան գոյատևել։ Դա պատգամավորն ինքն էլ է խոստովանել․ «Աղքատին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում»: Այսինքն՝ աղքատը գումար չունի,- խոստովանում է պաշտոնյան։ Կարող են թանկացնել կարագը, միսը, միևնույն է, աղքատը դրանք չի գնում։ Փոխանակ խոսելու այն մասին, որ ամեն ինչ պիտի արվի, որ մարդիկ կարողանան կարագ, միս, առաջին անհրաժեշտության մթերքներ գնել, այլ գտնում է, որ թանկացումը չի վնասում աղքատին։
 
Երկվության մեջ է Թունելի Հակոբը։ Մեկ ասում է՝ թանկացումը վնաս չի աղքատին, մեկ է, կարագ ու միս չի ուտում, մեկ էլ ասում է՝ ապահովել նրանց ամեն ինչով, որ նրանք կարողանան հետ կանգնել հաշմանդամության ձգտելու ճանապարհից: Մեկ ասում է՝ հաշմանդամություն չտալ ոչ թե նրա համար, որ նրանք հաշմանդամ չեն (այսինքն հաշմանդամ չլինելը պատճառ չի, որ կարգ ստանան), մեկ էլ չորրորդ փուլում ասում է, որ ամեն ինչ պետք է անել հաշմանդամությունը մարդկանց մոտ թեթևացնելու համար։ Մի խոսքով «մեկ խփում է նալին, մեկ մուշտարու քյալլին»։
 
Սա այն դեպքերից է, երբ մարդը հաշվի չի առնում, որ ընդամենը պիտի համբերել, որ կարկուտը կտրվի, նոր շարունակի ճանապարհը։ Հանրությունը զայրացած է, երկինքը մթնած, ինքը նույնը շարունակում է․․․
 
Հասմիկ Բաբաջանյան