Նիկոլ Փաշինյանի կեսգիշերային հայտարարությունը, թե տեղեկություն ունի, որ ՀՀԿ-ն կփորձի տապալել ժողովրդի թեկնածուի ընտրությունը և բոլորին վաղ առավոտվանից կոչ է անում հավաքվել Հանրապետության հրապարակում մի նպատակ ուներ։ Փաշինյանը դեռ չի հավատում իր հաղթանակի բաղձալի իրականացմանը, հեշտ բան չէ՝ գիտակցությանը արագ համոզել, որ իրադրություն է փոխվում, գործում է ենթագիտակցությունը՝ իսկ եթե․․․
 
Հոգեբանները լավ կբացատրեն ենթագիտակցության «դավադիր հատկությունը, զգուշացումները, եթեները»։ Ենթագիտակցության կասկածներն են ստիպել Փաշինյանին, որ կեսգիշերային հայտարարություն անի։
 
Չնայած, ասեմ, որ ոչ միայն ՀՀԿ-ն, այլ ցանկացած կուսակցություն, քաղաքական գործիչ և վերջապես անհատ՝ իրողության հետ կապված, կարող է որոշում փոխել։ Երեկ դա Նիկոլ Փաշինյանից իմացա։ Փաշինյանի անունն եմ տալիս, որ վիճելու փոխարեն, անվերապահորեն ընդունեք։
 
Այնպես որ կեսգիշերային հայտարարությունը քաղաքական պարզ տեխնոլոգիա է՝ «կրակը թեժացնելու, մարդկանց զգոն պահելու համար»։
 
Կուսակցությունը, խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ, ֆրակցիան՝ ճգնաժամային այս իրավիճակում զարմանալի կլինի՝ եթե չհանդիպի, չքննարկի, չվերլուծի իրադրությունը։
 
Յուրաքանչյուր նման հանդիպումից հետո պիտի ազգովի թափվենք հրապարա՞կ․․․ Եվ վերջապես նման հայտարարությունը կարող էր երեկ արվել։ Ինչու՞ չարվեց։ Մի քանի ժամ առաջ ՀՀԿ-ին հավատում, կեսգիշերին չէի՞ն հավատում։
 
Առայժմ ՀՀԿ-ն պաշտոնական հայտարարություն չի արել՝ վարչապետի ընտրության հարցում, քվորում ապահովելու մասին է միանշանակ հայտարարել, որ կապահովի․․․ Մնացածը կանխատեսումների շրջանակներում է։ Նիկոլ Փաշինայնը երեկ հանրահավաքում պիտի հայտարարեր՝ համազգային հավաքի մասին։
 
ՀԳ Անգամ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ տեղեկանում էինք թշնամու շարժի մասին, տեղեկանում հնարավոր հրետակոծության մասին, կեսգիշերին խուճապի չէինք մատնում բնակչությանը։ Կամ ավելի պարզ՝ նույն հայտարարությունը հնարավո՞ ր չէր առավոտյան անելու։ Ի՞նչ կփոխվեր, չեմ հասկանում։
 
 
Հասմիկ Բաբաջանյան