Ինչո՞ւ են սխալական հապճեպ որոշումներըՀապճեպ որոշումներ կայացնելիս, որպես կանոն, մարդիկ առավել շատ են սխալներ թույլ տալիս: Վերջերս իրականացված նոր հետազոտությունն օգնում է բացատրել՝ ինչո՞ւ է այդպես. գրում է rnd.cnews.ru-ն:
 
Ուղեղի բջիջները նոր ինֆորմացիայի հանդեպ չափազանց զգայուն են: Նույնիսկ անորակ և ոչ ճշգրիտ տեղեկատվությունը մեզ «ստիպում է» սկզբում ընդունել դրանք՝ նկարելով մեզանում սխալ պատկեր:
 
«Երբ շտապում ենք, մենք հակված ենք շատ սխալներ թույլ տալու, իսկ երբ դադար ենք առնում, ամեն բան առավել հստակորեն ենք վերլուծում,- հայտնել է հետազոտության հեղինակներից Ռիչարդ Հեյտցը,- Երբ այնպիսի իրավիճակում ենք, որ հապճեպ որոշում կայացնելու հարկ է լինում, այդժամ ուղեղն իրերն ու երևույթները տարբեր կերպ է «տեսնում»»:
 
Մի շարք փորձարկումների ընթացքում հետազոտողներն արձանագրել են ուղեղի շրջանում նեյրոնների ակտիվությունը, որոնք պատասխանատու են բարձրագույն դատողությունների համար և տեղադրված են ճակատային ոսկորի հետևում՝ կիսագնդերի առաջնային հատվածում:
 
Ի վերջո, հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ առավել բարձր զգայունությունը թույլ չի տալիս տեղեկատվությունն օբյեկտիվորեն ընկալել՝ հաճախ ցանկալին իրականության տեղ ընդունելով:
 
Ռիչարդ Հեյտցի խոսքերով՝ մենք արձագանքում ենք հրատապ տեղեկատվությանը, ու այն թվում է առավել կարևոր է, քան իրականում կա: Այսինքն՝ երբ շտապում ենք, մեր ուղեղն սկսում է նույնիսկ սխալ պատասխաններն ընկալել որպես ճիշտ: