Վաղ առավոտից, այնպես, ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, հենց 8:15-ից Գյումրիում  շարունակվել են բողոքի գործողությունները: Ցուցարարները Փակել են Գարեգին Նժդեհ փողոցն ու այդ փողոցում գտնվող Շիրակի մարզպետարանի մուտքը: Որեւէ աշխատակցի ներս մտնել չեն թողնում:  Սա գործադուլ է, եւ շարունակվելու է այնքան, քանի դեռ չի կատարվել հայ ժողովրդի արդարացի պահանջը,-ասացին ցուցարարները: Տարածքում են նաեւ ոստիկանները: Նրանք,սակայն, այս պահին ոչ մի գործողություն, բացի մարզպետարանի վարչական շենքի մուտքի հսկողությունից չեն իրականացնում: Նշենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստից հետո Երեւանի Հանրապետության հրապարակումմ կայացած ռեկորդային հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀկ-ի քայլին հաջորդելու է իրենց հակաքայլը. «ՀՀԿ կուսակցության գործողություններին հաջորդում է մեր հակաքայլը՝ վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, վաղը շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ»,-ասել էր նա: