
Դրան հետևեց ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը, որով Աղվան Վարդանյանին պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը: Խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՅԴ-ն կարող է այդքանով չբավարարվել և Վարդանյանին նույնիսկ կուսակցությունից հեռացնել:
«Արմենպրես»-ը ներկայացնում է, թե խորհրդարանում ովքեր կարող են փոխարինել Գրիգոր Ավալյանին և Աղվան Վարդանյանին: Աղվան Վարդանյանը պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով, հետևաբար խորհրդարանում նրան կարող է փոխարինել կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն, ով տվյալ դեպքում Ռուզաննա Առաքելյանն է: Եթե Ռուզաննա Առաքելյանը հրաժարվի իրեն հասանելիք մանդատից, ապա նրա հաջորդում է Սպարտակ Սեյրանյանը:
Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ՀՀԿ տարածքային ցուցակով Տավուշի մարզից, ինչը նշանակում է, որ նրան Ազգային ժողովում կփոխարինի Տավուշի մարզի ՀՀԿ տարածքային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած երկրորդ թեկնածուն: 13-րդ ընտրատարածքում (Տավուշի մարզ) ՀՀԿ տարածքային ցուցակում Գրիգոր Ավալյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է, ով նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր: Գրիգոր Ավալյանը հավաքել է 17 հազար 113 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանը` 8090 ձայն: