Մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ: Իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունը կսատարի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրած վարչապետի թեկնածուին:
 
Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` կոչ անելով դադարեցնել հանրապետության տարածքում բողոքի զանգվածային ակցիաները, որոնք ուղեկցվում են պետական հաստատությունների ու փողոցների շրջափակմամբ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Այս մասին Մարիոթ հյուրանոցում հանդիպումից հետո հայտարարել էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
 
Գագիկ Ծառուկյանն էլ նշել էր, որ քննարկումներում նախապայմաններ առաջ չեն քաշվել, և կրկնեց, որ հաղթանակը ժողովրդինն է և ժողովրդի թեկնածուին երկրորդ անգամ էլ կողմ կքվեարկեն:
 
«Այսօր շատ հայտարարություններ կային, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- հայտարարեց նա:
 
Նշենք, որ վարչապետի ընտրության առաջին փորձը երեկ ձախողվեց` ԱԺ-ն չընտրեց վարչապետ, ՀՀԿ-ականները դեմ էին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
 
ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները (35 պատգամավոր): Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
 
Ստացվում է, որ երկրորդ փուլում կրկին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար «Ելք» խմբակցությունը կունենա «Ծառուկյան» խմբակցության աջակցության կարիքը, քանի որ «Ելք»-ի 9 մանդատները բավարար չեն երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրելու համար: «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում ունի 31 մանդատ: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններին կարող է միանալ նաև ՀՅԴ-ն, որն առաջին փուլում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: