ՀՀ կառավարությունն ընդունել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում: 
Որոշմամբ հայտարարվում է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին  լրանում  է մինչև 2018 թվականի  հունիսի 30-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի30-ը ներառյալ:
Միևնույն ժամանակ, նախատեսվում է 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորացրել օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով: