Նարե ջան, կարդացի նամակդ։ Ու թեպետ այն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, բայցևայնպես, որպես շարժման մասնակից, ինձ թույլ եմ տալիս մի պատմություն ներկայացնել։
2017թ․ ապրիլի 2-ին գնացել էի Մասիվ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Հանդիպեցի մայրիկիս (վաղուց մենակ եմ ապրում)։ Հարցրի՝ մամ, ո՞ւմ ընտրեցիր։
– Էդգար ջան, մեզ ասել են՝ հանրապետականին ընտրեք։
Արյունը խփեց գլխիս, զգացի, որ մի շատ կարևոր բացթողում եմ արել (մայրիկս աշխատում է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի տնօրինած հիվանդանոցում): Ասում եմ՝ մամ ջան, հա՛, բայց ոչ մեկ չի իմանալու դու ում ես ընտրել։
– Էդգար ջան, լավ էլի, երկու կոպեկ փող եմ աշխատում, թող աշխատեմ։ Ասել են, որ իրենք իմանալու են՝ ով ում ընտրեց։
Չէ, իրոք աչքերիս դիմաց սևացավ։ Գիտեի, որ հանրապետականներն ամեն ինչի են ընդունակ իշխանությունը պահելու համար, բայց որ կարող են 61 տարեկան կնոջ արժանապատվությունն այդպես ոտնահարել, այդպես վախեցնել, դա արդեն չափազանց էր․․․ Ու այդպես հանրապետականները հավաքեցին 700,000 ձայն։ Ցավոք, ցավոք, ցավոք նաև իմ մայրիկի միջոցով․․․
Նարե ջան, սա ընդամենը մի փոքրիկ, շատ փոքրիկ դրվագ է քո հայրիկի ու իր գաղափարակից ընկերների, գաղափարական հոր՝ Սերժ Սարգսյանի կատարած ապօրինություններից։ 15-20 տարի մենք անզոր ենք եղել իրենց դեմ, պայքարել ենք՝ կոտրել են մեզ, ճչացել ենք՝ լռեցրել են։ Նաև կրակել են, սպանել են։
Նարե ջան, գիտե՞ս՝ հանգամանքների բերում էլ մի անգամ հայրիկիդ հետ նույն սեղանի շուրջ նստել ենք, հաց կերել։ Ասեմ, որ հայրիկդ իսկապես լավ մարդ է, խելացի, կիրթ։ Բայց ոչ հայրենասեր։ Հայրիկդ ու իր ընկերները չեն սիրում մեր երկիրը։ Չեն սիրում մեր երկրի մարդկանց։ Համենայն դեպս վերջին 20 տարում հակառակը պնդելու առիթ իրենք չեն տվել։
Ինչևէ, ոչ մեկին ու երբևէ հաճելի չէ լսել որևէ վիրավորանք կամ պիտակավորում իր կամ իր հարազատի, հատկապես ծնողների հանդեպ։ Բայց չեմ էլ կարող մեղադրել հայրիկիդ վիրավորողներին, քանի որ, մեղմ ասած, հայրիկդ դրան հասցրել է։
Մեղմ ասած։ Եվ այո, սա իսկապես սիրո և համերաշխության հեղափոխություն է, քանի որ մեկ այլ երկրում նման դեպքերում պետական բազմաթիվ պաշտոնյաներ կհայտնվեին դատարաններում, իսկ լավագույն դեպքում՝ աղբամաններում։ Բողոքելու տեղ չունես, Նարե ջան, հավատացնում եմ։
Նարե ջան, նամակդ սխալ հասցեով ես ուղարկել․ այն պիտի ուղարկեիր հայրիկիդ։ Սա բնավ հեգնանքով չեմ ասում, այլ՝ սիրով։ Խոսիր հայրիկիդ հետ, բացատրություն պահանջիր, թե ժողովուրդն ինչու է իրեն ու իր կուսակիցներին այդքան ատում։
Խնդրիր, թող առավելագույնս ազնիվ լինի քեզ հետ։ Խնդրիր, որ հաճախ ճամփորդեք Հայաստանի գյուղերով ու քաղաքներով, որ իրենց կառավարած երկրի մասին ավելի լավ պատկերացում կազմես։ Չմոռանաս խնդրել, որ քեզ տանի Գյումրու տնակային ավաններ։
Ու չմոռանաս հարցնել, թե հանրապետական պատգամավորների՝ խաղատներում մեկ օրում տանուլ տված գումարներով քանի ընտանիքի կարելի էր ապահովել տարրական պայմաններ ունեցող բնակարաններով։
Նարե ջան, այս հեղափոխությունը նաև քեզ համար էր, որ դու էլ ապրես ազատ, անկախ ու երջանիկ երկրում։ Որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ, որտեղ պատգամավորի երեխան ու հեռավոր գյուղում ապրող հասարակ ընտանիքի երեխան բոլոր ասպարեզներում կունենան նույն հնարավորությունները։ Դու էլ ես դա ուզում, չէ՞։
Դե ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որ կերտեց այս թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխությունը։