Ապրիլի 25-27-ի իրադարձությունները բավականաչափ քննարկվեցին հայկական ԶԼՄ-ներում, եւ երեւում է դեռ երկար են քննարկվելու: Այդ օրերի իրադարձությունները մեդիա-փորձագիտական շրջանակներում որակվում են որպես սաբոտաժ ու «տղա կանչել» վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից:
 
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը փաստացի ստանձնեց վարչապետի պարտականությունները եւ հանդիպումներ ունեցավ ուժայինների հետ, անցկացրեց անվտանգության խորհրդի նիստ: Մոսկվա ուղարկվեցին փոխվարչապետի ու ԱԳ նախարարի պաշտոնակատարներ
Արմեն Գեւորգյանն ու Էդվարդ Նալբանդյանը:
Միեւնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը հայտնվեց ԱՄՆ ու Եվրամիության հետ սկանդալում, երբ պարզվեց, որ նա կեղծել է ԱՄՆ դեսպանատան ու Եվրամիության պաշտոնական հաղորդագրությունները, դրանք հարմարեցնելով իր ծրագրերին: Սակայն ԱՄՆ ու ԵՄ արձագանքները չուշացան:
Խնդրահարույց ստացվեց նաեւ Նալբանդյանի ու Արմեն Գեւորգյանի այցը Մոսկվա, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը Պուտինի խոսնակը չհաստատեց:
Բայց հաղորդագրություն եղավ Պուտին Կարապետյան հեռախոսազրույցի մասին, որում խոսվում էր Հայաստանի ճգնաժամը 2017-ի ապրիլի 2-ի ընտրության արդյունքներով լուծելու, այսինքն՝ ՀՀԿ-ի իշխանությունը պահելու մասին: Համենայնդեպս, նման հաղորդագրություն տեղադրվեց Կրեմլի կայքում:
Ակնհայտ էր, որ Կարեն Կարապետյանը պատրաստվում էր ստանձնել վարչապետի պաշտոնը: Ապրիլի 25-ին ոստիկանական մեծաքանակ զորքեր ու տեխնիկա հայտնվեցին Հանրապետության հրապարակում:
Զուգահեռ տեղեկություններ կային, որ Մոսկվա ուղարկված բանագնացները խոսել են նաեւ համատեղ ինչ-որ ոստիկանական ուժերի մասին, որոնք պետք է բերվեն Հայաստան:
Այդ տեղեկություններն անհիմն չէին թվում, հաշվի առնելով Հայաստանի ոստիկանության ապրիլի 25-ի հայտարարությունը, որով ոստիկանությունն ըստ էության հրաժարվում էր ուժ կիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ, ակնարկելով, որ եղել է նման խոսակցություն:
Այդ եւ հետագա օրերին մեդիա ու քաղաքական շրջանակներում հաճախ է տրվում նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Նա Հայաստանում ակտիվ հանդիպումներ էր ունենում, իսկ ապրիլի 29-ին տարածվեց նրա հարցազրույցը ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով:
Քոչարյանը դրանում դատապարտում էր Նիկոլ Փաշինյանին, միեւնույն ժամանակ խաղալով ՀՀԿ պատգամավորների ինքնասիրության վրա, որպեսզի նրանք չհանձնեն իշխանությունը:
 
Իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ Քոչարյանի այդ հարցազրույցն արդեն «հնացել» էր, ինչպես ասել էր նրա խոսնակը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն արդեն որոշել էր թեկնածու չառաջադրել, միեւնույն ժամանակ խոստանալով չխոչընդոտել ժողովրդի թեկնածուի ընտրությունը:
 
Բայց մայիսի 1-ին ՀՀԿ-ն խոչընդոտեց իր քվեարկությամբ: Դժվար է ասել՝ արդյոք ՀՀԿ պատգամավորների վրա ճնշում էր գործադրվել, ինչպես գրում էր մամուլը եւ հայտարարվում հանրահավաքի ժամանակ, թե նրանց մտահոգում էր իրենց մանդատի ու ըստ այդմ՝ անձնական երաշխիքների հարցը, սակայն իրադարձությունների նման համընկնումն ուշագրավ էր:
Չի բացառվում նաեւ, որ այդ 55 հոգին հույսները չէին կտրել եւ մտածում էին, որ Մոսկվան կամ Քոչարյանն իրենց կօգնեն:
Ի դեպ, տեղեկություն հայտնվեց, որ հարցազրույցի ամբողջական տարբերակում Քոչարյանն աջակցություն էր հայտնում Կարեն Կարապետյանին որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Իսկ վերջին օրերին էլ տեղեկություն եղավ, որ Քոչարյանը մեկնել է Մոսկվա:
 
Ինչպիսի՞ն կարող էր լինել Մոսկվայի միջամտությունը, ավելի ճիշտ՝ ի՞նչ էր ակնկալվում Մոսկվայից: Կա տեսակետ, որ եթե ՀՀԿ-ն չընդուներ հեղափոխության պահանջը եւ նշանակեր իր վարչապետին, Հայաստանում ներքին ճգնաժամը կխորանար ու կհանգեցներ անկանխատեսելի հետեւանքների, ընդհուպ մինչեւ պետական համակարգի փլուզմանը:
 
Այդ պարագայում Մոսկվան երկկողմ ու ՀԱՊԿ պայմանագրերով Հայաստանի իշխանության դիմումով կարող էր միջամտել՝ փլուզումը թույլ չտալու համար, եւ դա կհիմնավորեր ԱՄՆ-ի ու Եվրամիության առջեւ:
Սակայն երեկ տեղի ունեցան արագ զարգացումներ. ԱՄՆ-ն, Եվրամիությունը, այնուհետեւ Ռուսաստանը փաստացի աջակցություն հայտնեցին սահմանադրական ճանապարհով ժողովրդի պահանջին:
Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀԿ խմբակցության նիստին, որից հետո հայտարարվեց, որ ՀՀԿ-ն այս անգամ ոչ միայն չի խոչընդոտելու, այլեւ մայիսի 8-ին ընտրվելու է վարչապետ:
Քոչարյանի խոսնակն էլ երեկ հայտարարեց, թե Քոչարյանը չի միջամտում այս իրադարձություններին եւ Մոսկվա չի մեկնել: Եթե մասնակցեր՝ նման վիճակ չէր լինի, որպես «ալիբի» հայտարարեց նրա խոսնակը:
Այսօր Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում նախարարներին փոխանցեց իր վերջին խնդրանքը՝ բարեխիղճ կատարել իրենց պարտականությունները մինչեւ վերջին օրը: Կլինի՞ հանգուցալուծում մայիսի 8-ին: Աղբյուր՝ Lragir.am