Խորը զզվանք ապրեցի Շուշանի, Արփինեի տունը շրջափակողների, գոռում- գոչյուն արձակողների, նրանց ստորացնողների հանդեպ։ Նման բան մի արեք․․․ Նման բան մի արեք․․․
 
Ես Շուշանին, ինչպես նաև նրա կուսակցության անդամներին նույն բանն եմ ասել, երբ չափն անցել են, իսկ նրանք շա՜տ են անցել։ Հասկանում եմ ձեր զայրույթը, այդքանով հանդերձ կրկնում՝ մի արեք։Ես միշտ եղել եմ շարքային քաղաքացու կողքին, կիսել նրա ցավը, բայց նորից եմ կրկնում՝ նման բան մի արեք։ Դա Շուշանի համար չեմ ասում, ձեզ համար եմ ասում․ ուզում եմ որ դուք լավը լինեք, տարբերվեք նրանից։ Նման քայլերը դրական գնահատողները շարժումը լավ բանի չեն հասցնի։ Այդ բանը պիտի բարձրաձայնեին այն մտավորականները, որոնք հանկարծ հասկացել ու Նիկոլի ճամբարում են պատսպարվել։ Ես ճամբար չունեմ։ Երկիրը ճամբարից ճամբար անցնելը չի, արժեքային համակարգը ամրապնդելն է։
 
Շուշանի և այլոց տների մոտ գոռացողներին կուզեի ասել՝ ոչ մեկդ չասեք, թե ինձնից շատ նրանց քննադատել եք, բայց «ցանկապատի վրայով չեմ թռել»։ Պահել եմ թույլատրելիի սահմանը։
 
Բաներ կան, որոնք անելուց բարկանում են անգամ նրանց չսիրողները․․․ Դուք դա՛ եք անում։
 
Տեսանյութը նայում ու մտովի պատկերացնում էի, որ Շուշանի երեխաներից մեկը պատուհանից ծիկրակում ու լա՜ց է լինում՝ ինչ որ մարդիկ շրջապատել են իրենց շենքը, մատով ցույց են տալիս այն փոքրիկ պատուհանը, որի տակ իրենք են ծվարած ու գոռում են՝ Շուշա՜ն, դուրս արի․․․ Հարևանի հետ են հռհռում, նորից կանչում․․․
 
Ոչ մի երեխա դա չի մոռանա։ Տարիների հետ կսպիանա վերքը, բայց չի մոռանա։ Սպասում էի, որ գոնե մեկը կգրի՝ ներող եղեք փոքրիկներ, որ ձեր աչքի առաջ ձեր մորը ստորացրին․․․ որ բոլորիս աչքի առաջ ձեր մորը ստորացրին․․․ Ոչ մեկը չգրեց։ Ու ես եմ գրում։ Քննադատեք ինձ ինչքան ուզում եք, բայց չասելն ավելի վատ է անդրադառնում ինձ վրա, քան ասել ու խարազանվելը։
 
Կարող եք ասել՝ բա լա՞վ էր, որ Շուշանն այսպես ասաց, այսպես արեց․․․
 
Դուք ուզում եք ինչ որ բան փոխե՞լ, թե՞ ավելի վատ բաներ անել․․․ Սա՞ է սիրո, հանդուրժողականության հեղափոխությունը։
 
 
Հասմիկ Բաբաջանյան