«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ–հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին: 
 
ԱԺ հատուկ նիստին Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչպիսի իրավական հնարավորություններ է նա տեսնում երկրին սպառնացող արտաքին վտանգի առկայության իրավիճակում, եթե կառավարությունը հնարավորություն չունի զինված ուժերի կիրառման մասին հրաման տալ և այն իրավիճակում, երբ զինված ուժերի կողմից ռազմական դիմադրության շրջանակներում պետք է զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ կիրառվեն:
 
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ձեր հարցն ինձ զարմացնում է, քանի որ 2 ժամից ավելի քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրեն: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9–րդ դասարանի քննություն չեմ հանձնում և Դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս...»: Առհասարակ, գրեթե առանց բացառության, բոլոր ՀՀԿ–ականների մայիսի 1–ի ելույթները ասես Սերժ Սարգսյանին «սապոնվելու» համար էին, ոչ թե Նիկոլին նեղը գցելու: Մի հարցնող լինի, թե ինքը՝ Կորյունը, ինչքանո՞վ է տեղյակ երկրի զինված ուժերի «խոհանոցին»: Կոչումով լեյտենանտը քանի՞ անգամ է որպես հանձնաժողովի անդամ իր մոտ կանչել Ազգային անվտանգության ծառայության պետին, պաշտպանության նախարարին, ոստիկանապետին ու զեկույց պահանջել, որ այդպես «մեծ–մեծ բրդում է»: Սամվել Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ Կորյունը, նրա ելույթը ասոցացվում է իր անվան հետ և նրանից պահանջել է այսուհետ «չափերի մեջ մնալ» և Պապից ավելի կաթոլիկ չերևալ: 
 
 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում