Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին եւ դրանից հետո ժողովրդական շարժմանը, որն առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, միացան մի շարք արվեստագետներ, շոուբիզնեսցիներ: Բայց եղան նաեւ այնպիսիք, որոնք շարժմանը միացան, երբ քաղաքական հանգուցալուծում եղավ, երբ պարզ դարձավ, որ շարժումը հաջողել է: Հանրության շրջանում քննարկումներ եղան, օրինակ, մայիսի 2-ից հետո, երբ Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ ելույթ ունեցան աստղեր, որոնք մինչ այդ լռում էին: Նրանց թվում էր նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սիլվայի պրոդյուսեր եւ հայր Հակոբ Հակոբյանի հետ՝ պարզելու համար՝ ինչպես Սիլվան որոշեց միանալ շարժմանը եւ իր աջակցությունը ցուցաբերել. «Որոշում կայացնելու խնդիր ընդհանրապես չի եղել, Սիլվան միշտ էլ իր ժողովրդի հետ է եղել: Մենք արտերկրում էինք, ապրիլի 20-ին վերադարձանք Հայաստան, հետո մենք սահմանին էինք, Ղարաբաղում, Սիլվան հենց շարժման օրերին համերգներով հանդես էր գալիս դիրքերում: Նա ակտիվ էր հատկապես այն օրերին, երբ հայտարարում էին, թե սահմանին լարվածություն կա: Սիլվա ու՞մ հետ պետք է լիներ, եթե ոչ ժողովրդի: Չէ՞ որ ժողովուրդն է նրան վեր բարձրացրել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը: Նա չի մեղադրում հանրային այն դեմքերին, որոնք չեն միացել շարժմանը, պատճառաբանում է՝ ամեն մեկն իր խղճի մտոք է վարվում: Հարցին, թե առաջիկայում ազգային զարթոնքից ոգեշնչված՝ նոր հայրենասիրական երգեր կներկայացվե՞ն լսարանին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Մենք շատ ունենք հայրենասիրական երգեր, իհարկե, նոր երգեր եւս կլինեն: Բացի այդ՝ մինչեւ շարժումը Սիլվան պատարստել էր հարսանեկան մի երգ, բայց հետագա պրոցեսներով պայմանավորված՝ հետաձգեց դրա պրեմիերան: Այժմ այն նախատեսված է մայիսի կեսին»: Պրոդյուսերը նաեւ տեղեկացրեց, որ Սիլվան առաջիկայում դուետով հանդես կգա երգիչ Հարութ Բալյանի հետ՝ վերջինիս առաջարկով: Երգը գրել է հենց Հարութը: Նկարահանվելու է տեսահոլովակ: Զրույցի ավարտին պարոն Հակոբյանն իր սրտի խոսքը հղեց ընթեցողին. «Ուզում եմ ասել, որ մեր ժողովրդին նոր շրջան է սպասվում, նոր Հայաստան: Հայն արարում էր ամբողջ աշխարհում, բայց ոչ՝ Հայաստանում: Հիմա իրավիճակը կփոխվի: Աստված մեզ հետ»,-եզրափակեց նա: