Մենք գրել էինք, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իր անվտանգությունը, թիկնապահներով է շրջում, քանի որ իր ֆիզիկական անվտանգության հետ կապված մտավախություն ունի: Թիկնապահները նրան տրամադրել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը:
 
Մենք պարզեցինք, որ թիկնապահների հետ մեկտեղ զուգահեռ՝ ՊՊԾ-ն Փաշինյանին նաև հատուկ ամենագնացներ՝ ջիպեր է տրամադրել, որոնցով էլ նա շրջում է, մուտք գործում Ազգային ժողովի տարածք ու կայանում ԱԺ նախագահի մեքենաների համար հատկացված տարածքում:
Փաշինյանին տրամադրվել է UU 01 սերիայով մեկ Lexus LX 570 մոդելի ամենագնաց և մեկ Toyota Land Cruiser Prado տեսակի ամենագնաց, որն ուղեկցում է Lexus-ին: Տեղեկություն կա, որ Փաշինյանին տրամադրված մեքենան զրահապատ է, թեպետ՝ արտաքինից դատելվ՝ այդպես չի երևում, սովորական Lexus է:
Բացի այս, մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ի խորհրդով թիկնապահներ են տրամադրվել նաև Նիկոլ Փաշինյանի կնոջն ու երեխաներին, քանի որ ահաբեկչության վտանգ են տեսնում: