Այսօրը Հայաստանի Երրորդ Հանրապետության թերեւս ճակատագրական օրերից մեկն է, երբ վերջապես իրավական առումով կհաստատվի ժողովրդի ընտրությունը։ Այսօր վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի ղեկավար կդառնա ժողովրդի ընտրյալը` կատարված փաստին իրավական ամրագրում հաղորդելով: Սկսված հեղափոխությունն իր տրամաբանական հաջորդ հանգրվանին պետք է հասցվի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով, որը բացառիկ իրադարձություն է թերեւս 1991թ. առաջին նախագահի ընտրությունից հետո: 
Համաժողովրդկան այս շարժմանն իր տարբեր փուլերում արձագանքել են Հայաստանի գրեթե բոլոր ուժերը: Հրապարակում մարդկանց ներկայության շարունակական աճի հետ ավելացել է նաեւ շարժման սատարող կուսակցությունների բանակը: Վերջին օրերին հրապարակի թեկնածուին կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնեցին նաեւ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` իրավիճակը կրկին հանգեցնելով «կոնսենսուս մինուս ՀՀԿ» բանաձեւին: Կարեն Կարապետյանի տապալված խռովությունից հետո, սակայն, թվում է` ՀՀԿ-ն նույնպես իրավիճակին մոտենում է ողջախոհությամբ, ինչի վկայությունն էր նախ եւ առաջ թեկնածու չառաջադրելու որոշումը: Անշուշտ, ՀՀԿ-ի ու իշխանության հանդեպ թերհավատություն ունեցող մեր հայրենակիցներից շատերն ունեն լիովին հիմնավոր մտավախություն, որ վերջին պահին ՀՀԿ-ն կարող է տապալել վարչապետի ընտրությունն ու փաստի առաջ կանգնեցնել Շարժմանը: Իհարկե, ՀՀԿ-ն թե՛ այդպիսի փորձ ունի, թե՛ տիրապետում է խորհրդարանի կոճակների «հսկիչ փաթեթին», առանց որի պարզապես հնարավոր չէ վարչապետ ընտրել: Սակայն արդյո՞ք ՀՀԿ-ն այդքան կտրված է իրականությունից, որ հանդգնի նման անխոհեմ քայլի դիմել ու բառի իսկական իմաստով կազմաքանդել պետությունը: Որքան էլ ոմանք կարոտով հիշեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանն ու փափագեն մեկ հարվածով վերջ տալ այս համաժողովրդական շարժմանը, իրավիճակի հետ հաշվի չնստել չեն կարող: Քոչարյանն այդ հիմա է ետին թվով հոխորտալով ինքնասիրության ակնարկներ անում, թե ինքը «շանտաժի» չէր տրվի: Հայաստանում Քոչարյանի 10-ամյակից հետո հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել առաջին հերթին մարդկանց հոգեբանության մեջ, եւ հին ու փտած գործիքները այլեւս աշխատող չեն: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին տապալված բանակցություններից հետո գնաց հենց քոչարյանական ճանապարհով, երբ հրահանգեց ձերբակալել իր ընդդիմախոսին: Պարզապես իշխանության ռեսուրսները չբավականացրին գործընթացը մարտի 1-ին հասցնելու համար, թե չէ Քոչարյանը Սերժ Սարգսյանից ո՛չ ուժեղ էր, ո՛չ էլ խելացի: Շարժումը տապալելու ուղղությամբ Սերժ Սարգսյանը փորձել է գրեթե ամեն ինչ: Վարչապետ կարգվելու շրջանում նա անտարբերությամբ էր նայում հրապարակի պայքարին` մտածելով, որ անուշադրության մատնելով` այն կմարի ու կվերջանա: Երբ տեսավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, փորձեց մանր-մունր զիջումներ կատարել` առաջացած բողոքը զսպելու համար, ինչը կրկին չհաջողեց։ Բանակցությունների ճանապարհով շարժման առաջնորդին վարկաբեկելու քաղաքականությունը ոչ միայն չստացվեց, այլեւ բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն` Սարգսյանին: Վերջապես գործի դրվեց պետական մեքենան` ձերբակալելով շարժման ղեկավարությանը, ինչը հույս էր տալիս, որ մարդիկ կվախենան: Սակայն ապարդյուն: Փողոցները հեղեղած քաղաքացիների դեմ պայքարի միայն մեկ տարբերակ էր մնացել, որը ենթադրում էր օտար պետության զորքերի ներգրավածություն: Բարեբախտաբար, Ռուսաստանը ընկալեց այդօրինակ զարգացման աղետալիությունն ու չգնաց որոշ հայտնի շրջանակների արկածախնդրության` չուզենալով հարաբերությունները փչացնել ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ գերտրությունների հետ, առավել եւս, երբ դեռ չի մարսել ուկրաինական դեպքերը, խնդիրներ կան սիրիական ճակատում, եւ հետո` ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմաբազան, որից տխուր հիշողություններ կան: Այնպես որ, իշխանությունը հրապարակի դեմ փորձարկեց իր բոլոր զենքերը` որեւէ արդյունքի չհասնելով: Մնացել է վերջին փամփուշտը` հրաժարվել քվեարկել Փաշինյանի օգտին ու իրավիճակը հանգեցնել արտահերթ ընտրությունների: Այդպես օգտագործելով իր փամփուշտը` ՀՀԿ-ն անդառնալի ինքնասպանության կգնա: Քանի որ նախ` կուսակցությունը շուտափույթ անցկացվելիք ընտրություններում որեւէ շանս չունի հաջողության հասնելու` անկախ իր տիրապետած վարչական ռեսուրսի, ապա եւ երկիրը կմատնի երկամսյա քաոսի: Ավելի քան երկու շաբաթ է, ինչ պետական ապարատը ամբողջովին կազմալուծված վիճակում է: Անպատկերացնելի է, թե ինչ կկատարվի մեր պետականության հետ, եթե բողոքի գործողություններն ու ընդվզումները շարունակվեն եւ այն էլ երկու ամիս: Չհաշված, որ Հայաստանը լրաջագույն տնտեսական դժվարությունների կբախվի, իսկ պետական համակարգը անընդունակ կլինի նորից բնականոն ռեժիմի վերադառնալու, առաջին հերթին կսասանվի զինված ուժերի մեջքը: Հայոց բանակը չի կարող հայացքը մեկ թիկունք, մեկ առաջնագիծ հառել, ինչ է, թե ՀՀԿ-ն չի ցանկանում զիջել իշխանության արդեն իսկ կորցրած դիրքերը: ՀՀԿ-ի յուրաքանչյուր պատգամավոր իր քվեարկության պահին պետք է մտովի հիշի, թե ինչպես էր ժողովուրդը ցնծում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Պետք է դրվագ առ դրվագ հիշել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով ապրիլի 25-ի առավոտյան լեփ-լեցուն էր Հանրապետության հրապարակը Կարեն Կարապետյանի նախաձեռնած ձախողակ հեղաշրջման ժամին: Անպայման պետք է հաշվի առնել նաեւ այն ցնծագին ընդունելությունը, որին արժանացավ Շարժման ղեկավարը Գյումրի ու Վանաձոր մեկնելիս: ՀՀԿ-ի ցանկացած պատգամավոր չի կարող հաշվի չառնել այս իրողությունները: