Սպիտակ արջի Սիկու անունով ձագը (գրենլանդերենից թարգմանաբար նշանակում է ծովային սառույց) համացանցում սենսացիա է դարձել այն բանից հետո, երբ նրա նկարները տեղադրվել են Դանիայի վայրի բնության Սկանդինավյան զբոսայգու կայքում: Այս մասին հայտնում է РБК-ն:
Արջուկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի վերջին։ Մի քանի օր հետո պարզվել է, որ մայրը չի կարող նրան կաթով կերակրել: Ձագը սովամահ կլիներ, այդ պատճառով որոշել են փրկել արհեստական սննդով: Մեկ ամիս շշով կերակրելուց հետո Սիկուի քաշն ավելացել է 2 կիլոգրամով, նույնիսկ բացվել են նրա աչքերը:
Այժմ նա կշռում է 3,2 կգ, և այգու աշխատակիցներն վստահցնում են, որ արջուկը աճում է նորմալ:
Սիկուի դեպքը հիշեցնում է Բեռլինի այգու Կնուտ բևեռային արջի պատմությունը: Ինչպես դանիական արջուկին, այնպես էլ նրան, մայրը չէր կարողացել կերակրել: Կնուտին մեծացրել են այգու աշխատակիցները: Այս պատմությունը ցնցել էր ողջ Գերմանիան։ Կնուտը մեծ ճանաչում էր ձեռք բերել, սակայն այս տարվա մարտին մահացել էր էնցեֆալիտից: