ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք՝ Երեւանում 26-ամյա երիտասարդի սպանության համար:
 
ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ,  2018 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Կարմիր բլուր 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Գոռ Գասպարյանի դին՝ կրծքավանդակի, որովայնի եւ գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1995թ.:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության, hարցաքննվել մի շարք անձինք:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Երեւանի՝ 1995թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: