Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքային որոշ հարցեր էր քննարկում: Նա ասաց, որ այսօր զբաղված է վաղվա իր ելույթով:
 
Հարցին՝ հետո ի՞նչ է լինելու« կառավարության ծրագիր դուք ներկայացնելո՞ւ եք՝ Փաշինյանը պատասխանեց, որ այո, մշակում են և ՀՀԿ-ն, իր կարծիքով, կընդունի այն. «Ինչու եք շտապում, եկեք օրվա խնդիրները լուծելով՝ գնանք առաջ, որովհետև ռազմավարական խնդիրներն արդեն իսկ լուծել ենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարության կազմի հետ կապված ճի՞շտ են շրջանառվող լուրերը, հաշվի առնելով, որ Խաչատուր Սուքիասյանի անունն է շրջանառվում, արդեն մարդիկ դժգոհություն են հայտնում, որ օլիգարխիան էլի վերադառնում է իշխանության՝ այլ դեմքերով:
Փաշինյանը պատասխանեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»: Նա վստահեցրեց, որ որևէ առաջարկ չի ստացել այդ առնչությամբ: Թե Սուքիասյանի թեկնածությանն ինչպե՞ս է վերաբերում՝ նա պատասխանեց. «Արդեն ասացի»: