Օրեր առաջ համացանցում տարածվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը, որտեղ նրան դիմում էր, որպես ապագա վարչապետի:
 
Նարեի նամակից հետո սկսվեցին նոր գրառումների ու պատասխան նամակների տեղետարափը, ոմանք բացատրում էին, թե ինչու են հակակրանք զգում Էդուարդ Շարմազանովի նկատմամբ և բարձրաձայնում էին Հանրապետական կուսակցության ապօրինությունները, դրանք վերագրելով նաև Շարմազանովին, ոմանք էլ ուղղակի չէին հավատում, որ այդ նամակը կարող է Նարեի գրածը լինել:
Բոլոր կասկածներին ի պատասխան Araratnews.am զանգահարած մեր ընթերցողներից մեկը, ով «Մանանա» կրթամշակութային կենտրոնի սաներից է, վկայեց, որ նամակը գրել է հենց Նարե Շարմազանովան:
«Մենք սովորում ենք «Մանանա» կենտրոնում, որտեղ մայիսի 1-ին վարչապետի ընտրությունից մեկ օր առաջ տնօրենը հանձնարարեց` յուրաքանչյուրս առանձին նամակ գրել ապագա վարչապետին:
Նամակ գրել էր նաև Նարեն. այդ նամակները պետք է հրապարակվեին ամսի 8-ից հետո, բայց քանի որ սկսեցին վիրավորանքներն Էդուարդ Շարմազանովի հասցեին, քաղաքի տարբեր մասերում սև լենտեր կախեցին նրա անունով, Նարեն դրանից վիրավորված, խնդրեց իր նամակն ավելի շուտ տպագրել:
Ասում էր, որ էլ չի դիմանում, և ուզում է, որ իր գրածն իր ընկերներն ավելի շուտ կարդան»,- նշեց մեր զրուցակիցը և տեղեկացրեց, որ մայիսի 8-ից հետո կհրապարակվեն նաև մյուս սաների` վարչապետին ուղղված նամակները: