ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում մայիսի 8-ին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:
Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման եւ ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։ 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձման կապակցությամբ եւ մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաեւ շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը նաեւ շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: