Կիմա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տասը տարի ատելություն, մաղձ ու չարություն ցփնող իշխող ուժը /խմբակցության ղեկավարը/ ԱԺ ամբիոնից բողոքում էր տարածվող ատելության ու մաղձի դեմ:
Իբր իրենք սիրո ու համերաշխության քրմեր են եղել, ժողովուրդն էլ հիմա ոչ միայն չի գնահատում, այլև զզվանքով է լցված իրենց նկատմամբ:
Ձեր առաջնորդով հանդերձ, դուք ի՞նչ էիք, որ ձեր հանդեպ տարրական հարգանք դրսևորվեր:
Պետականաշեն ու ազգանվեր բառեր շաղ տալով, պետությունը հասցրիք աղետալի վիճակի, ազգն էլ ցրիվ տվեցինք՝ այն բաժանելով մերոնքականի և ձերոնքականի, ,,էլիտայի,, ու պլեբսի, հաճախորդների ու ամբոխի, ծաղրածուների ու պետպատվերով քծնողների, երբ հանդուրժում էիք թույլատրելի չափով ,,այլակարծությունը,, բարբառողներին, իսկ ճշմարտությունն ասողների բերանները ծեփում էիք:
Էդ չէի՞ք, կեղծիքի ու գաղջության մունետիկնե՛ր...
Սակայն հիմա էլ նկատում եմ, որ ,,Նոր Հայաստանը,, կերտողներով հիպնոսացած ,,մասսան,, է հերսոտած թռնում այս կամ այն մարդու երեսին, ով հանդգնում է պարզ ու անմեղ դիտարկում անել:
Եթե այսօրվանից արդեն մերժում եք այլակարծությունը, ապա ինչո՞վ եք տարբերվում նրանցից, ում մերժում էիք ու մերժում եք:
Եվ քեզ վրա գրոհում են մարդիկ, որոնք տասը տարի շրիշակի տակ պախկված էին ու վախենում էին անգամ ՍՍ-ի նկարից:
Երկրի վրա սրբեր չկան, մենք էլ սատանա կամ հակահեղափոխական չենք, որ մեր ամեն հնչյունից ու բառից այդպես ընկնավորում եք:
Հեղափոխությունը միայն ծնծղա ու ձոներգ չի: 
Ժամանակն է երկնքից վար իջնել ու ձեր տոտիկները թեթև հպել գետնին, եթե ուզում եք հասնել լիակատար հաղթանակի...»: