Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 7-ի համարում:
 
Հեռախոսային հարցազրույց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, ըստ մամուլի տեղեկության, դուք մեկ ամիս առաջ վաճառել եք ձեր ողջ ունեցվածքն ու մեկնել Անգլիա։
- Այո, մեկ ամսից քիչ ավելի է՝ ես Անգլիայում եմ։ Եւ այդ փաստը մամուլում տպագրված տեղեկատվության միակ ճշմարիտ մասն է։ Մնացածն ապատեղեկատվություն եւ հերյուրանք է։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, իմ ունեցվածքն ու բիզնեսը Հայաստանում են, եւ դրանք վաճառելու ո՛չ մտադրություն եւ ո՛չ որեւէ պատճառ ես չունեմ։ Իսկ Անգլիայում եմ գտնվում անձնական որոշ խնդիրների պատճառով։ Ինձ հետ էր նաեւ ընտանիքս, որն արդեն վերադարձել է Երեւան. առաջիկա մեկ ամսվա ընթացքում կվերադառնամ նաեւ ես։ Ես ԱԺ քարտուղարությանը տեղեկանք եմ ներկայացրել իմ ժամանակավոր բացակայության մասին ու հենց  վերադարձա, անմիջապես ներկայանալու եմ աշխատանքի։ Ի դեպ, բոլոր նման հերյուրանքներ տարածողներին նաեւ տեղեկացնեմ, որ ես հաջորդ խորհրդարանական ընտրություններում եւս առաջադրելու եմ իմ թեկնածությունը։
- Դարձյալ որոշ տեղեկությունների համաձայն, դուք որոշակի խնդիրներ եք  ունեցել հայաստանյան որոշ գործարարների հետ, ուստի, նաեւ ձեր եղբոր՝ Պնախարարի առաջարկով եք ժամանակավորապես լքել Հայաստանը։
- Դարձյալ պետք է կրկնեմ, որ նման  բան չկա. ոչ մեկի հետ խնդիր չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ։ Իմ բիզնեսին ոչինչ չի եղել եւ եթե որեւէ մեկին հետաքրքրում է, կարող ենք տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն իմ գործունեության վերաբերյալ։ Եւ, կանխելով նաեւ հաջորդ հարցը, որ իբր ես Հայաստանում եւ արտերկրում անպատմելի ունեցվածք ունեմ, ապա ես  պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ ունեցվածքը միայն Հայաստանում է՝ մեկ բնակարան Բալահովիտ գյուղում եւ մեկ բնակարան էլ Երեւանում՝  Թումանյան փողոցի վրա, որն, ի դեպ, չի իջնում մամուլի էջերից։ Մնացած ամենը, որը վերագրվում է ինձ, այդ ամենը ես նվիրում եմ Հայաստանի մանկատներին։
- Պարոն Սարգսյան, չնայած Հայաստանում չեք, բայց երեւի տեղյակ եք, որ քաղաքական դաշտում համառ են խոսակցություններն արտահերթ նախագահական ընտրությունների մասին եւ ձեր եղբոր՝  Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումն այդ ընտրություններում։ Դուք  արտահերթ նախագահական ընտրությունների հավանականություն տեսնո՞ւմ եք։
- Ես նման կարգի կանխատեսումներ անել չեմ կարող, բայց մի բան հստակ կարող եմ ասել. տարբեր ժամանակներում տարբեր վերլուծաբաններ  ենթադրություններ են արել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ինչ-ինչ հակասությունների մասին։ Եւ ենթադրում եմ որ նման անհեթեթ վերլուծություններ էլի կլինեն։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ երկու գործչին կապում է ոչ միայն աշխատանքն ու միասին անցած  պատերազմական ճանապարհը, այլ նաեւ այնպիսի ընկերական ու բարեկամական հարաբերություններ, որ երբեւէ, ոչ մի պարագայում նրանց միջեւ որեւէ հակասություն որեւէ հարցի շուրջ լինել չի կարող։ Ես  բացառում եմ, որ Հայաստանում ինչ-որ արտահերթ պրոցեսներ կարող են լինել նրանց միջեւ եղած, իբր, հակասությունների պատճառով։ Նրանք գաղափարական համախոհներ են ու մտերիմներ, որոնց ընկերությունը 25 տարուց ավելի է, եւ դա այնպիսի ընկերություն է, որը երբեք եւ ոչ մի բանով սասանվել չի կարող։ Ուստի, եթե ինչ-որ քաղաքական վերլուծաբաններ առաջիկայում եւս կփորձեն իրենց տեսությունները կառուցել Քոչարյան-Սարգսյան հորինված հակասության վրա, հերթական անգամ արժանանալու են այն մարդկանց քմծիծաղին, ովքեր հրաշալի տեղյակ են նրանց իրական հարաբերություններից։
- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ արտահերթ նախագահական ընտրությունների Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գնան համաձայնեցված:
- Արտահերթ նախագահական ընտրությունների համար հիմքեր պետք է լինեն: Եթե ընդդիմությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, դա դեռ հիմք չէ: Արտահերթ ընտրությունների համար ո՛չ ներքին եւ ո՛չ էլ արտաքին գործոն ես չեմ տեսնում:    
- Դուք չեք տեսնում, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ արտահերթ ընտրությունների համար Հայաստանում առկա են բոլոր հիմքերը՝ ներքաղաքական ձախողում, արտաքին քաղաքական ճնշում: Դուք բացառո՞ւմ եք, որ ընդդիմությունն ինքը դառնա արտահերթ ընտրությունների նախաձեռնողը:
- Այո, բացառում եմ, որովհետեւ ժողովուրդն այս ընթացքում համոզվեց, որ արմատական հռչակված ընդդիմության խնդիրը ինքնանպատակ իշխանափոխությունն է: Իսկ ցանկացած ինքնանպատակ քայլ դատապարտված է: Եւ, ի դեպ, այս տարիների ընթացքում ընդդիմությունը երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող որեւէ հարցի վերաբերյալ չի ներկայացրել իր մոտեցումները, իր ծրագիրը, որպեսզի ժողովուրդը հասկանար, թե ինչը ինչի հետ պետք է համեմատի: 
- Այդուհանդերձ, շատերն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի համար ամենաընդունելի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է։
- Դա բոլորովին այլ հարց է եւ տրամաբանական է, որ այդպես էլ լիներ։ Եթե նրանք պետության զարգացման, տնտեսության հեռանկարի վերաբերյալ եւ ԼՂ հիմնահարցերում ունեն միատեսակ մոտեցում, բնական է, որ գործող նախագահի համար էական է լինելու իր որդեգրած քաղաքականության շարունակականության հարցը։ Սակայն ընտրությունը կատարելու է ժողովուրդը, եւ եթե հերթական ընտրությունների դեպքում ժողովուրդը կընտրի Սերժ Սարգսյանին, ուրեմն դա է ժողովրդի կամքը։
- Իսկ ձեր կարծիքով, ժողովուրդը կընտրի՞ Ս.Սարգսյանին։
- Ճիշտ չէ այդ հարցն ինձ ուղղելը, որովհետեւ իմ պատասխանը լինելու է սուբյեկտիվ։ Ինձ համար Սերժ Սարգսյանը, որպես ավագ եղբայր, միշտ եղել է իդեալ։ Նա ինձ համար ամենահմուտ քաղաքական գործիչն է, որն ունի իրական պետական մտածողություն։ Ինձ համար նա լավագույն թեկնածուն է, բայց դա իմ կարծիքն է։ Իսկ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը։
Նաիրա Զոհրաբյան