ԾԱՆՐ Է ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀԸ, ԲԱՅՑ ԴՐԱՆԻՑ ԾԱՆՐ ԲԱՆ ԷԼ ԿԱ,- ԱՍՈՒՄ ԷՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐԸՆման դեպքի կամ դեպքերի վերաբերյալ ծանր է դատողություն անելը, բայց պիտի փորձեմ։
 
Մինչև հիմա էլ ականջներումս հնչում է խաղաղ ժամանակներում զոհված զինվորների մայրերի ողբը՝ իմ տղուն սպանել են, ինչու՞ չեք ասում․․․
 
Բանակում դեպքեր էին արձանագրվում, բայց ոչ մի անգամ չէր ասվում՝ որ զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։
 
Ողբ է, երբ 21 տարեկան տղան, ով մեկ ու կես ամիս հետո տուն պիտի վերադառնար, սպանվում է ծառայակցի կողմից։ Առաջ նման բան չէին ասում, հիմա պաշտոնապես հայտնում են․
 
«2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
 
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով»:
 
Ծանր է Զինվորի մահը, բայց դրանից ծանր բան էլ կա,- ասում էր ինձ խաղաղ ժամանակներում սպանված մի զինվորի մայր։ Դա այն է, երբ երազում տղադ գալիս է ու ասում՝ մայրիկ, ես ինքնասպանություն չեմ գործել, ինձ սպանել են․․․ Դա մղձավանջ է, դա բաց աչքերով մորթ է։
Դրանից ծանր բան չկա։
 
Հասմիկ Բաբաջանյան