Aravot.am-ը դերասան, հումորիստ Հայկ Մարությանից` Կարգին Հայկոյից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում իր`մշակույթի նախարար նշանակվելու վերաբերյալ լուրերին, հաշվի առնելով այն փաստը, որը հեղափոխության օրերին եւ դրանից հետո միշտ Նիկոլ Փաշինյանի կողքին է եղել: Նա ասաց, որ ի թիվս այլ հարցերի, նաեւ այդ թեմայով խոսել է «Հայկական ժամանակի» թղթակցի հետ, հետեւաբար չի ուզում այդ թեմայով նորից խոսել, ուստի առաջարկեց տպագրվելուց հետո կարդալ իր հարցազրույցը: Նրան խնդրեցինք, որ ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանի մեր հարցին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մի տանջեք ինձ…Գիտեմ, որ այսօր զանգելու է էլի մի 30-35 լրատվամիջոց, դրա համար առաջինը այդ թերթին եմ տվել հարցազրույց, որ ինձ չզանգեն…Թե չէ իմ ընկերներն էլ են զանգելու, թե Հայկ ջան, հիմա այո, թե՞ ոչ, դրա համար էլ չեմ խոսի»: Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ էր իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել. «Մշակույթի նախարար պիտի լինի Հայկ Մարությանը: 1. Դաշտին ծանոթ է, 2. Խելոք է, գրագետ ու ֆայմով, 3. Ազնիվ է ու կեղտոտ գործերով չի զբաղվել, 4. Երիտասարդ է, աշխատասեր ու եռանդով»,-ինչը ոմանց կողմից ընդունվել է ոգեւորությամբ, իսկ շատերը տարակուսանքով կոչ են արել էյֆորիայից ձերբազատվել ու սթափ դատել, նաեւ մշակույթը չխառնել շոու-բիզնեսի հետ: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Նշենք, որ պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցին՝ «Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա», Հայկ Մարությանն ասել է. «Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն: Չէ՞ որ դարեր ի վեր մեր մշակույթը փոխանցվել է հաջորդ սերունդներին, առանց այդ նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում կփակեմ այն, եւ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը)»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/10/956109/