Մեր նախորդ հրապարակումներից մեկում մեջբերում էինք արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «փոքրիկ, բայց կարևոր» նկատառումից, որտեղ նա տառացիորեն հետևյալն է ասում.  «Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձեւավորման գործընթացում ամենակարեւորը Սահմանադրության եւ օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է: Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության եւ թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձեւավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»: Ի հավելումն այս խոսքերի, Նիկոլ Փաշինյանի դուխով պաշտպաններին նաև հիշեցրել էինք, որ Տեր-Պետրոսյանի այս կարևոր նկատառումը քանիցս հաստատել և օրինականության սահմաններում մնալու կոչեր էին արել թե Մոսկվան, թե Վաշինգտոնը և թե Բրյուսելը` միով բանիվ ողջ միջազգային հանրությունը:
 
Տեր-Պետրոսյանից այդ փոքրիկ մեջբերումը, սակայն, պատճառ դարձավ, որ Դաշնակցությունից մրսող նախկին լևոնականները, որ այս օրերին սահուն անցել են Նիկոլի կողմը, հարձակվեն վրաս, թե այդ երբվանի՞ց է դաշնակցականը պաշտպանում Լևոն Տեր-Պետրոսյանի «ճիշտը»: Հարկ եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի դազգահի մոտից փախած և Նիկոլ Փաշինյանի շուրջը հավաքված այս «լընգուլվազին» մի պարզ բան ասել` ճիշտը մեկ հատ է, իսկ ճշտին հակառակվելը` ընդամենը դասական էշություն: Ի հաստատումն այս խոսքերի` նշեմ, որ Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի նոր հայտարարությամբ, որի մտք բանին այն է, որ խորհրդարանի դե ֆակտո մեծամասնությունն այս պահին հանրապետական ընդդիմությունն է, որը «ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները»: Չգիտեմ, արժե՞, արդյոք, պնդել հակառակը և միանալ Նիկոլի «վկաներին», ինչ է, թե նրանք «թավշյա հայհոյանքների» տարափ են տեղում հոդվածիդ տակ:
 
Խնդիրն իսկապես Նիկոլը չէ: Նա կարող է այս օրերին զանազան չարաճճիություններ անել, նույնիսկ հանդիպել Պուտինին, բայց ի վերջո գալու է ԱԺ և բախվելու է դաժան իրականությանը: Այստեղ նա ունի ընդամենը թավշյա կառավարություն, որը ոչինչ անել չի կարող, բացի իր կամքը մեծամասնությանը «դուխով» պարտադրելը: Մի անգամ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է դա անել, բայց կհաջողվի՞ երկրորդ, երրորդ… տասներորդ անգամ: Չգիտեմ: Ստիպված եմ դարձյալ մեջբերում անել Լևոն Տեր-Պետրոսյանից. «Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, և բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետև դա կդիտվի որպես իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, և թե՛ դրանց արդյունքում ձևավորված խորհրդարանի օրինակարգությունը»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են` ավելորդ են: Հավելենք միայն` երբ միջազգային հանրությունը սկսում է մի բան չհանդուրժել, դա երբեք լավ հետևանքների չի բերում: Ու եկեք` չասենք, որ մեր պարագայում օտարների վերաբերմունքն ընտրողաբար ավելի մեղմ կլինի:
 
Քիչ չեն օրինակները, երբ ժողովրդավարության ալիքի վրա իրականության զգացողությունը կորցրած քաղաքական ուժերն ու գործիչները ի վերջո հայտնվել են օտար ուժերի և կենտրոնների ազդեցության տակ: Բոլորը պետք է հասկանան, որ տոտալ ժողովրդավարությունից մինչև ամբոխավարություն մեկ քայլ է, իսկ ամբոխավարությունն ինքնին ոչ այլ ինչ է, եթե ոչ անվտանգության սպառնալիք: Եթե մենք այսօր չառաջնորդվենք մեր սահմանադրությամբ և օրինականության վերականգնման հրամայականով, ապա ամեն վայրկյան ենթակա կլնենք նոր, բայց արդեն ուրիշ տեղերից «ղեկավարվող» շարժումների, որոնք, սովորաբար, ծագում են անիշխանության պայմաններում: Այս իրավիճակում ի՞նչ կարող է հակադրել Նիկոլ Փաշինյանը ցուցարարների մի նոր խմբին, որը, մեկ էլ տեսար, բաց ձեռքերով, շատ խաղաղ, դուրս գա փողոց, փակի Փարաքարը և պահանջի փոխվարչապետ նշանակել իր միասնական առաջնորդ Շմայսին: Սա մի քիչ անլուրջ է, իհարկե, բայց միանգամայն իրագործելի ակցիա, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանի` ՀՀԿ-ի ձայներով վարչապետ դառնալը:
 
Նորից պետք է ասենք, որ այսօր երկրի և ժողովրդի շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Արտահերթ ընտրությունների պահանջը եղել է նաև Նիկոլ Փաշինյանի շարժման գլխավոր պահանջներից մեկը, որը, սակայն, անհարկի ձգձգումների դեպքում կարող է ավելի ու ավելի դժվար իրագործելի դառնալ: Հասկանալի է, որ պետք է ԸՕ փոխվի, քաղաքական ուժերի համար ստեղծվեն նախընտրական հավասար պայմաններ, նախնական վստահության մթնոլորտ ձևավորվի արտահերթ ընտրությունների արդյունքների նկատմամբ: Վատ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մեկ րոպե անգամ աշխատել չցանկացող մեծամասնությունն ու նորակազմ կառավարությունը փորձեին շարունակել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի չստացված երկխոսությունը: Մայիսի 8-ի քվեարկությունն այս առումով հույսեր ներշնչում է, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ չափից դուրս երկար երկխոսելը կարող է հանգեցնել անոտուգլուխ մի թավշյա վիճակի, որի մասին է ասված` թե գայլերն են կուշտ, թե ոչխարներն են տեղում: Արդեն իսկ երևում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել վարչապետի պաշտոնը: Իսկ ի՞նչ կլինի, երբ իրավիճակին կամաց-կամաց սովորեն նաև հանրապետականները, որոնք առանց ուժային կառույցների էլ տիրապետում են լրջագույն քաղաքական և տնտեսական լծակների: Եվ կարող է պարզվել, որ թավշյա իշխանափոխությունը այդպես էլ չվերաճեց թավշյա հեղափոխության և կանգ առավ ճիշտ այն կետում, որից պետք է սկսվեր իսկական հեղափոխությունը` այդ բառի ողջ տարողությամբ:
 
Եվ վերջում կրկին անդրադառնանք Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ լավագույնս է արտահայտված Դաշնակցության հետ նրա մոտ 25-ամյա «հակամարտությանը»: «Հուսանք, որ գործող խրթին սահմանադրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք և ողջախոհություն կդրսևորեն բանակցությունների, երկխոսության և փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանն սպառնացող այս բարդ իրավիճակից»,- «ճշմարտախոսել է» Տեր-Պետրոսյանը` չնկատելով, լուրջ քաղաքագիտական վերլուծությունը հավասարեցնում է աղբի: Հասկանալի է, որ նա չէր կարող անուն չդնել ՀՅԴ պաշտպանած սահմանադրությանը (խրթին), բայց որ գործող սահմանադրությունն է համարում խոչընդոտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, մեղմ ասած, զավեշտ է: Այդ քանի՞ անգամ եք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացրել Հայաստանը քյոխվայապետության վերածած Ձեր անձնական սահմանադրությամբ, պարոն նախագահ: Խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերը, այդուհանդերձ, ելքեր որոնում են հենց գործող սահմանադրությամբ, և բարեբախտություն է, իհարկե, որ այլևս քյոխվա չկա, որ իր վրայով կարի ամեն ինչ հետո էլ այնպես մունդռի (իր խոսքն է) ընտրությունները, որ խորհրդարանը վերածի գեղի կլուբի (դարձյալ իր բնորոշումն է): Բայց սա դեռ բոլորը չէ: Հարկ է, որ ՀՀ առաջին նախագահը ազատ ժամերին մի քիչ մտածի` արդյոք, այս սահմանադրությունը չէ՞ր պատճառը, որ 2008 թվականի կրկնություն չունեցանք: Չեմ պնդում, իհարկե, բայց ցանկության դեպքում կարելի է նաև այս մասին մտածել:
 
Էդիկ Անդրեասյան