Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ժամկետային զինծառայողներին առնչվող ցավոտ մի խնդրի, երբ ծնողները ստիպված են լինում բանակում գտնվող իրենց որդիների համար ուղարկել զինվորական կոշիկներ, ներքնաշորեր, հիգիենայի պարագաներ: Նա նկատել է, որ զինվորին այդ ամենով ապահովելը պետության պարտավորությունն է, ինչը չպետք է դառնա ծնողների հոգսը:
«Ես այսօր առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների առաջ եւ ստացել հավաստիացում, որ կարող եմ պաշտոնապես հայտարարել հետեւյալը.
ժամկետային զինծառայողների մեր հարգելի եւ սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցել հայրենիքին, երբ որ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ՝ ծառայության: Եվ հետեւաբար մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, սկսած հիգիենայի պարագաներից, վերջացրած հագուստով, ներքնաշորերով եւ իհարկե սննդով»,- ՖԲ ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ծնողներին նաեւ կոչ անելով այդ պահից սկսած զինառայող որդիների համար չուղարկել նշված պարագաները:
Եթե կստացվի այնպես, որ նրանք կասեն, թե ապահովված չեն այդ ամենով, ապա այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ, որ ավելի լավ է, գոյություն ունեցող խնդիրը հրապարակել մամուլով: Նա խնդրեց ծնողներին՝ այդ դեպքում ոչ թե նեղություն կրել, գնալ անհրաժեշտ պարագաները գնել եւ ուղարկել որդիներին, այլ նեղություն կրել եւ խնդրի մասին տեղեկությունը հասցնել իրեն: Նա կարեւոր համարեց նաեւ սննդի հետ կապված խնդիրների բարձևաձայնումը:«Գլխավոր շտաբը պրատավորվել է, որ ամեն ինչով ապահովելու է զինվորներին, այդ թվում՝ որակյալ սննդով: …Հիմա արդեն ստացել եմ հավաստիացումներ, որ այդ խնդիրները կլուծվեն, եւ եթե հանկարծ պարզվի, որ չեն լուծվել, ուրեմն դրան կհետեւի խստագույն պատասխանատվություն բոլոր այն պատասխանատուների, ովքեր պիտի լուծեին այդ խնդիրը եւ չեն լուծել»,- ասաց վարչապետը:
 
Աղբյուրը՝ armtimes.com