Մոտ 3 ժամից ավելի այսօր դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ լսվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու, այսինքն՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը (երբ ամբաստանյալն ազատության մեջ է գտնվում եւ պարտավորվում ներկայանալ նիստերին): Արշակ Վարդանյանն առանց ընդհատելու լսում էր ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների՝ ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանության հասցեին քննադատություններն ու պիտակավորումները՝ երբեմն միայն հորդորելով միջնորդության թեմայից չշեղվել, զգացմունքներին տեղի չտալ եւ վիրավորական արտահայտություններ չանել: «Քաղաքական իրավիճակ է փոխվել: Որպես դատավոր՝ ձեզ այլ բան չի մնում, քան փոխել այս տասնմեկ անձանց խափանման միջոցը եւ ազատ արձակել գրավի դիմաց»,-դիմելով դատավորին՝ ասաց ամբաստանյալների շահերի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ դատարանները նախկինում իշխանության հրամաններն են կատարել. «Փառք աստծո, որ Փաշինյանին հաջողվեց իրականացնել ժողովրդական շարժում: Հիմա պտուղները քաղելու ժամանակն է»: Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ շարունակեց՝ նշելով, թե քննիչներն ու դատախազներն այս գործով կատարել են Բաղրամյան 26-ի հրամանները. «Անգամ հեռանալուց իշխանությունը ցույց տվեց, որ Մարտի 1 է իրականացրել»: 
Աղբյուրը՝ aravot.am